Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների ֆերմերները գոհ են այս տարվա գազարի բերքից, ինչպես նաև գնից։ Սակայն գազար ոչ բոլոր գյուղերում են ցանում և ոչ շատ, քանի որ գազար աճեցնելն աշխատատար է, ամեն ինչ արվում է ձեռքով։
Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում գազարի բերքահավաքն իրականացվել է հոկտեմբերին։ Հողագործները գոհ են բերքից և գնից, որոշ գյուղերի բնակիչներ արդեն վաճառել են իրենց բերքը: 1 կգ գազարի գինը 70-80 թեթրի է։ Իրացման հետ կապված խնդիրներ չեն եղել, գնորդներն իրենք են եկել, իսկ ոմանք իրենք են տարել վաճառել բերքը կամ մեծաքանակ հանձնել։
Ախալքալաքի մունիցիպալիտետում գազար հիմնականում մշակում են Բեժանո գյուղում, իսկ Նինոծմինդայի մունիցիպալիտետում՝ Մեծ և Փոքր Գոնդուրա գյուղերում, ինչպես նաև Մամզարայում։
Բեժանո գյուղի բնակիչներից մեկն ասում է, որ իրենց գյուղում գազարի բերքահավաքն ավարտվել է, և ընդհանուր առմամբ գոհ են բերքից։
«Գինը նորմալ է: Ոմանց բերքն ավելի լավ է, ոմանցը՝ համեմատական վատ, ընդհանուր առմամբ, բերքից գոհ ենք: 1 կգ-ի գինը 70-80 թեթրի է»,- ասաց Բեժանոյի բնակիչներից մեկը:
Նրա խոսքով, այս տարի Բեժանո գյուղում հիմնականում ավելի քիչ են եղել գազարի դաշտերը, չնայած այն հանգամանքին, որ գազար աճեցնելը ֆինանսական ծախսեր չի պահանջում, ինչպես օրինակ՝ կարտոֆիլի մշակումը։ Բայց գործընթացն աշխատատար է։
Մեծ Գոնդուրա գյուղից Գրիգոր Շամիլյանն ասում է, որ իր համագյուղացիները բերքը վաղուց են վաճառել, բայց նարնջագույն բանջարեղենի գնորդներ դեռ էլի գալիս են։
«Լավ գին է, մեզ համար ձեռնտու է: Գնորդները հիմա էլ են գալիս, բայց մարդիկ էլ չունեն: Ես ինքս 3 հար գազար եմ ցանել, բերքից գոհ եմ: Բերքատվությունը կազմում է մոտավորապես մեկ տոննա 1 հար-ից: 1 կգ-ի համար 70-80 թեթրին նորմալ գին է, կարտոֆիլի հետ համեմատած, գազար աճեցնելը քիչ ծախսեր է պահանջում»,- ասում է Գրիգոր Շամիլյանը։
Հարկ է նշել, որ Ջավախքում գազար աճեցնում են, բայց չնայած լավ բերքին ու նորմալ գնին, ինչպես հողագործներն են ասում, այն դեռ կարտոֆիլին այլընտրանքային մշակաբույս չի դարձել։ Գազար աճեցնելը բավականին բարդ գործընթաց է։ Ամբողջ աշխատանքը կատարվում է ձեռքով, պետք է շատ զգույշ ջրել, որպեսզի չվնասել նուրբ ծիլերը, նաև լավ արդյունք ստանալու համար պետք է չարչարվել և պայքարել մոլախոտերի դեմ։