Ախալքալաքի թիվ 3 հանրային (Ճավճավաձեի անվան) դպրոցը վերանորոգող շինարարական ընկերության պայմանագիրը լրանում է 2022 թվականի վերջին, սակայն ընկերությունից հայտնում են, որ աշակերտները դպրոց կվերադառնան հաջորդ կիսամյակից՝ 2022 թվականի սկզբից:
«Մինչև աշխատանքների ավարտը երեխաները կհաճախեն Թումանյանի դպրոց: Իհարկե, մեզ այնտեղ շատ լավ ընդունեցին, հիանալի անձնակազմ է, հրաշալի մարդիկ: Բայց մեզ համար շատ անհարմար է սովորել մեկ այլ շենքում: «Տնից» լավ տեղ չկա», – մեկնաբանեց թիվ 3 դպրոցի տնօրեն Թամար Օձելաշվիլին:
Ըստ Վրաստանի պետական գնումների կայքում տեղադրված փաստաթղթերի՝ Ախալքալաքի վրացական դպրոցը վերանորոգող «ՄեդՄշենի» ընկերության հետ պայմանագրի պայմանները երկարացվել են մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:
Ինչպես մեկնաբանեց «ՄեդՄշենի» ընկերության աշխատակից Դաթո Աբրամիշվիլին, ով աշխատանքների վայրում աշխատողներին է համակարգում, ինքը անձամբ չի լսել պայմանագրի երկարաձգման մասին: Նրա խոսքով, վերանորոգումը կավարտվի իր ժամանակին` նոյեմբերի վերջին, սակայն երեխաները, հավանաբար, կկարողանան իրենց դպրոց վերադառնալ երկրորդ կիսամյակից:
«Կարծում եմ, որ մենք կավարտենք աշխատանքները մինչև վերջնաժամկետը: Միգուցե պայմանագիրը երկարաձգվել է, բայց ես դրա մասին ոչինչ չգիտեմ: Աշխատանքներն ավարտելուց հետո՝ հաշվի առնելով կահույքի դասավորությունը, տեղափոխվելու ժամանակը և այլն, երեխաները կկարողանան իրենց դպրոց վերադառնալ երկրորդ կիսամյակում», – ասաց նա։
Նշենք, որ դպրոցում վերանորոգումն իրականացվում է 2020 թվականից: Նախնական պայմանագրի համաձայն՝ աշխատանքները պետք է ավարտվեին մինչև սեպտեմբեր, այնուհետև` ժամկետը երկարաձգվեց մինչև նոյեմբերի վերջ:
Դպրոցը հիմնանորոգվում է Մունիցիպալիտետների զարգացման հիմնադրամի միջոցներով: Վրաստանը ֆինանսավորում է ստացել Սկանդինավյան շրջակա միջավայրի ֆինանսական կորպորացիայից (NEFCO) Վրաստանում հասարակական շենքերի էներգաարդյունավետությունը բարելավելու և վերականգնվող և այլընտրանքային էներգետիկ ծրագրեր իրականացնելու համար: 2 590 643.00 լարիի չափով վերանորոգման աշխատանքների էլեկտրոնային տենդեր-մրցույթները շահել է «Մեդմշենի» ՍՊԸ-ն:
Ամալյա Բաբայան