Վրաստանում ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի լիագումար նիստ է տեղի ունեցել և այն ավարտվել է ամփոփիչ հայտարարություններով:

Ըստ Վրաստանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկության ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ, ծովակալ Ռոբ Բաուերը և Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մաթիաշվիլին ամփոփել են նստաշրջանում քննարկված հարցերը:

Ռոբ Բաուերը ասել է. «Երեկ ես հնարավորություն ունեցա հանդիպելու վարչապետ Ղարիբաշվիլիի և պաշտպանության նախարար Բուրճուլաձեի հետ՝ ընդգծելով, որ ՆԱՏՕ-ի և Վրաստանի միջև գոյություն ունի բացառիկ գործընկերություն, որը ժամանակի ընթացքում միայն ամրապնդվում է: Մեր գործընկերությունը միշտ փոխշահավետ է»,

Գեներալ-մայոր Գիորգի Մաթիաշվիլին կենտրոնացել է Վրաստանի և ՆԱՏՕ-ի միջև հատուկ գործընկերության վրա և նշել, որ պաշտպանական ուժերում ընթացող փոխակերպման գործընթացի արդյունքում Վրաստանը ձևավորվել է որպես դաշինքի առավել համատեղելի և ակտիվ գործընկերներից մեկը:

«Մենք շարունակում ենք արդյունավետ կերպով ներդնել ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մեխանիզմները և կատարել դաշինքի առջև ստանձնած պարտավորությունները, ինչը ծառայում է ՆԱՏՕ-ի հետ համատեղելիության և ՆԱՏՕ-ին երկրի ինտեգրման գործընթացների ամրապնդմանը», – ասել է Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատարը: