Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը վրաստանյան «Կվիրիս պալիտրա» շաբաթաթերթին տված հարցազրույցում համապարփակ անդրադարձ է արել, կատարելով մի շարք կարևոր շեշտադրումներ: Առնաց փոփոխության ներկայացնում են հարցազրույցն ամբողջությամբ:
Հարց – Կողմերը միմյանց մեղադրում են իրադարձությունների էսկալացիայի մեջ։ Պարոն դեսպան, ըստ Ձեզ, ի՞նչ է տեղի ունեցել սեպտեմբերի 27-ի առավոտյան, որը պատճառ է հանդիսացել ռազմական գործողությունների սկսման։
Պատասխան – Իմ կարծիքով այնքան ակնհայտ է, թե որ կողմը սկսեց այս ամենը, որ այլ կարծիքներ լսելը նույնիսկ ժպիտ է առաջացնում։ Ցանկացած բանական մարդու համար պարզ է, որ 150․000 բնակչություն ունեցող Արցախի Հանրապետությունը չէր կարող հարձակվել 10 միլիոն բնակչություն ունեցող Ադրբեջանի վրա, որին ամեն կերպ, կրկնում եմ, ամեն կերպ աջակցում է 80 միլիոնանոց Թուրքիան։ Նայելով այն խոցված ռազմական տեխնիկան, որը օգտագործել է Ադրբեջանը՝ կարելի է պարզ տեսնել, որ դրանք հարձակվողական զինատեսակներ են։
Եվ բացի դա, կարելի է պարզ հարց տալ ու՞մ է անհրաժեշտ պատերազմ և պատասխանը շատ պարզ կլինի, այն կողմին, որն անընդհատ խոսում է Արցախի տարածքները գրավելու մասին, այն կողմին, որի ռազմաքաղաքական ղեկավարությունը ամեն օր զինվում է մինչև ատամները և գրեթե ամեն օր էլ հայտարարում էր, որ բանակցությունների սեղանին անելու բան չունի, և որ այս հարցը կարող է լուծվել միայն զենքի ուժով։ Սա լոկ միայն խոսքեր չեն, կարող եք համացանցում գտնել Ալիև-Հասանով զույգի կողմից հարյուրավոր անգամներ հնչեցված ռազմամոլական հռտորաբանությունը, որն էլ, ի վերջո, նրանք վերածեցին լայնամասշտաբ պատերազմի․ լայնամասշտաբ պատերազմի, որի գլխավոր մեղավորը Ալիևների և Փաշաևների կլաններն են, որոնք արդեն տասնամյակներ շարունակ ծծում են ադրբեջանցի ժողովրդի արյունը, նրանց և նաև Ադրբեջանի բնական ռեսուրսների հաշվին կուտակել են անսահման կարողություն, իսկ այժմ էլ իրենց իշխանությունն ու ֆինանսկան հնարավորությունները պահպանելու և նաև ադրբեջանցիների հարստահարմանն ի պատասխան ժողովրդի արդար ցասումը չստանալու նպատակով սանձազերծեցին մի պատերազմ, որն ավարտվելու է Ադրբեջանի կատարյալ ֆիասկոյով։
Այսինքն, Ալիևը պատերազմ սկսեց իր ժողովրդի ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու համար և այն հույսով, որ հաղթանակով կկերակրի նրանց, սակայն այս պատերազմն էլ կդառնա նրա բռնապետության վախճանի գլխավոր պատճառը։ Չկասկածեք, հայկական կողմը փառահեղ հաղթանակ է տանելու և ազատագրելու է ադրբեջանցի ժողովրդին արկածախնդիր ալիևյան կլանի ճիրաններից։
Հարց – Ադրբեջանական կողմը հաղորդում է ռազմական հաջողությունների մասին։ Նրանց տեղեկատվությամբ՝ նրանք զբաղեցրել են տարածքներ և շարքից հանել հակառակորդի մեծ քանակության կենդանի ուժ։ Դուք տեղեկություն ունե՞ք Հայաստանի կորուստների մասին։ Նաև հետաքրքիր է, ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ կորուստներ է կրում Ադրբեջանը։
Պատասխան – Կարող եմ փաստել, որ ալիևյան քարոզչամեքենան այս համատեքստում ևս շարունակում է մնալ իր գեբելսյան ոճի մեջ՝ կեղծ տվյալներով լվանալով ինտերնետ մտնելու հնարավորությունից զրկված ադրբեջանցիների ուղեղները։
Այս պահի դրությամբ Ադրբեջանի զոհերը 1000-ից ավելին են, հայկական կողմը խոցել է մոտ 100 անօդաչու թռչող սարք, մոտ 200 զրահատեխնիկա, մոտ 10 ուղղաթիռ (հարցազրույցը տրվել է հոկտեմբերի 1-ին, ներկայացված են այդ օրվա դրությամբ առկա տվյալները)։ Պետք է նշեմ, որ Ադրբեջանի շեշտակի կերպով աճող զոհերը հնարավոր չի լինի երկար ժամանակ թաքցնել և վաղ թե ուշ այդ քարոզչական փուչիկը կպայթի։ Հայկական կողմը, ցավոք սրտի, ևս կորուստներ ունի և հակառակորդի լայնածավալ հարձակումը կանխելիս հերոսաբար ընկել են 104 հայորդիներ։
Հարց – Ունի՞ արդյոք պաշտոնական Երևանը ապացույցներ, որ Թուրքիան ակտիվ մասնակցում է ռազմական գործողություններին, և նաև ինչո՞ւ է պաշտոնական Երևանը Թուրքիային համարում տարածշրջանի համար սպառնալիք։
Պատասխան – Թուրքիան ոչ միայն այս պահին է տարածշրջանի համար սպառնալիք, այլ այն պահից, երբ թյուրքական քոչվոր ցեղերն Ալթայից տեղափոխվեցին մեր տարածաշրջան և հայերի հետ միասին նաև տարածաշրջանի մյուս ժողովուրդները՝ այդ թվում վրացիները, սեփական պատմության դառը փորձով կարող են լավագույնս փաստել, թե ով է Թուրքիան և ինչ դերակատարում է ունեցել դարերի ընթացքում։
Այդ ամենը տեսնելու համար բավական է միայն ծանոթ լինել տարածաշրջանի պատմությանը և նաև աչք գցել այսօրվա քարտեզին, Թուրքիան իր գրեթե բոլոր հարևանների հետ ունի լրջագույն խնդիրներ, որոնք էլ նպաստում են տարածաշրջանի ապակայունացմանը։
Ինչ վերաբերում է Թուրքիայի մասնակցությանը ռազմական գործողություններին, ապա դրա վերաբերյալ կան հարյուրավոր փաստեր, որոնք ՀՀ պաշտպանության նախարարությունը հերթով հրապարակում է։
Այդ մասնակցությունն իրենից ենթադրում է հետևյալը.
• Ռազմական տեխնիկայի և զինամթերքի ամենօրյա մատակարարումներ,
• Թուրք հրահանգիչների և սպայական անձնակազմի մասնակցություն ռազմական գործողություններին,
• Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսից և Պակիստանից ջիհադիստ ահաբեկիչների տեղափոխում Ադրբեջան
• Դիվանագիտական դաշտում ամբողջական աջակցություն Ադրբեջանի զավթողական քաղաքականությանը։
Ինչպես գիտեք օրերս թուրքական F16 ինքնաթիռը, որից Ադրբեջանի զինուժը չունի, խոցել է հայկական SU 25 ինքնաթիռը, իսկ օդաչուն էլ զոհվել է․ անհերքելի փաստեր կան, որ այդ օդուժը գործում է թուրքական E7-T օդային հեռավար հրամանատարական կետի կառավարմամբ Էրզրում-Ղարս հատվածից:
Բացի այդ ադրբեջանական բանակը օգտագործում է մեծ թվով թուրքական «Bayraktar» տիպի հետախուզահարվածային անօդաչու թռչող սարքեր, որոնք ևս կառավարվում են թուրք մասնագետների կողմից։
Եվ, ի վերջո, վերջերս Ադրբեջանում անցկացվում էին թուրք-ադրբեջանական զորավարժություններ, որի համար Թուրքիայից Ադրբեջան էին բերվել մեծածավալ ռազմական տեխնիկա և զինվորականներ, որոնք զորավարժությունների ավարտից հետո չեն տարվել Թուրքիա և մնացել ու այժմ օգտագործվում են պատերազմում։
Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից ջիհադիստ ահաբեկիչներին Ադրբեջան տեղափոխմանը, արդեն տեղեկատվություն կա, որ այդ ջիհադիստները անկարգություններ են սկսել Ադրբեջանում, պահանջում են, որ տեղի ադրբեջանցիներն ապրեն շարիաթի կանոններով։ Դուք պատկերացնու՞մ եք, թե այդ ահաբեկիչ-ջիհդիստներն ինչ վտանգ կներկայացնեն պատերազմից հետո ողջ տարածաշրջանի համար, դուք պատկերացնու՞մ եք, թե ինչի կվերածվի մեր տարածաշրջանը, երբ նրանք շարունակեն ապրել ու գործել այստեղ։ Այս մասով մտածելու շատ բան ունի նաև Վրաստանը։
Պետք է նշեմ, որ արդեն միջազգային հանրությունն էլ հստակ արձանագրեց, որ ադրբեջանա-թուրքական տանդեմը Արցախի ու Հայաստանի դեմ կռվում է վարձկան-ահաբեկիչների օգնությամբ։ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից ահաբեկիչների օգտագործման մասին մեծածավալ հոդվածներով են հանդես եկել այնպիսի հեղինակավոր լրատվամիջոցներ, ինչպիսիք են «BBC»-ին, «The Guardian»-ը և այլք։
Եվ կարելի է ասել, որ արցախյան առաջնագիծը դառնում է քաղաքակրթական առաջնագիծ։ Արցախը կռվում է միջազգային ահաբեկչության դեմ, որի թիրախները տարանջատված չեն աշխարհաքաղաքական սահմաններով։ Այդ ահաբեկչությունը հավասարաբար սպառնում է Վրաստանին, ԱՄՆ-ին, Իրանին, Ռուսաստանին, Ֆրանսիային և ընդհանրապես ամբողջ աշխարհին ու կարելի է ասել, որ Արցախը, Հայաստանը, հայ ժողովուրդը կռվում են հանուն գլոբալ անվտանգության և ընդդեմ միջազգային ահաբեկչության։
Հարց – Անհրաժեշտ է՞ արդյոք Երևանին Ռուսաստանի օգնությունը՝ Ադրբեջանի հարձակումը ետ մղելու համար։ Նախատեսվում է արդյոք նման հարցում Մոսկվային։
Պատասխան – Արցախի պաշտպանության բանակը հաղթական մարտեր է մղում, և որևէ մի երկրի օգնության մասին խոսելն ավելորդ է, մեր հույսը հայ զինվորն է և Աստված, իսկ Աստված արդարի կողմն է։
Հարց – Ինչի՞ց է կախված Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը։ Որոշ փորձագետների կարծիքով՝ Հայաստանը կգնա այդ քայլին, եթե Ադրբեջանը ռազմական լուրջ հաջողությունների հասնի․․․ Որ երկրների առնչությամբ հույս ունեք, որ կճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը։
Պատասխան – Ինչ վերաբերում է որոշ փորձագետների այն մտքին, թե Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը, եթե Ադրբեջանը լուրջ հաջողությունների հասնի, ապա պետք է նշենք, որ սխալ է Արցախի անկախության ճանչումը կապել Ադրբեջանի հաջողությունների հետ։ Այդ փորձագետների կարծիքի համատեքստում պետք է նշեմ, որ Ադրբեջանը ռազմի դաշտում լուրջ հաջողություններ չի արձանագրելու, ուստի այդ կարծիքի մասին խոսելը իմաստազուրկ է։
Արցախի անկախության ճանաչման հարցը ՀՀ քաղաքական օրակարգում է, սակայն այդ հարցում աջակցության ակնալիքների մասին խոսելը դեռ վաղ է։
Հարց – Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներին առաջարկել է հանդիպել Թբիլիսիում։ Կընդունի՞ արդյոք Երևանը այդ առաջարկը (եթե, օրինակ՝ Բաքուն ընդունի այն)։ Ի՞նչ կարող է անել Վրաստանն իրավիճակի դեէսկալացիայի համար։
Պատասխան – Հայկական կողմը գնահատում է Վրաստանի՝ բանակցությունների համար հարթակ հանդիսանալու պատրաստակամությունը։ Այս հարցում հայկական կողմի դիրքորոշումը միշտ էլ պարզ է եղել, մենք ցանկանում ենք խաղաղություն և մշտապես բաց ենք եղել բանակցությունների առաջարկի համար։ Վրաստանի վարչապետի առաջարկի իրական հասցեատերը պաշտոնական Բաքուն է, որը երբեք պատրաստ չէր ու չէ բանակցություններին և իր բախտն է փորձում ռազմի դաշտում, որը հաստատ իր համար բարի ընթացքով ավարտ չի խոստանում։
Հարց – Ի՞նչ պայմաններով Հայաստանը կհամաձայնի ստորագրել կրակի դադարեցման վերաբերյալ համաձայնագիր։
Պատասխան – Ընթանում են մարտական թեժ գործողություններ և այժմ սրա մասին խոսելը համարում եմ ավելորդ։ Ժամանակը գա, հայկական կողմի դիրքորոշումն էլ պարզ կլինի բոլորին։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հարցազրույցի համար, խոստանում եմ ձեր լրատվամիջոցին հրավիրել Հայաստան՝ Հաղթական զորահանդեսը լուսաբանելու։