Վրաստանում ՏԻՄ ընտրությունները հիմնականում խաղաղ են ընթանում: Այս մասին հայտնում է «Transparency International–Georgia» հասարակական կազմակերպությունը, որը վերահսկում է քվեարկության ընթացքը: Հասարակական կազմակերպությունների տվյալներով՝ ընտրատեղամասերի ճնշող մեծամասնությունը, որտեղ ներկա են եղել իրենց դիտորդները, բացվել են ժամանակին: «Transparency International–Georgia»-ն հրապարակել է միջանկյալ հայտարարություն` հիմնվելով 07:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում ստացված տվյալների վրա:

Մասնավորապես, այս ընթացքում արձանագրվել է 100 թեթև բնույթի եւ համեմատաբար լուրջ խախտումներ: Դիտորդները 14 բողոք են ներկայացրել: ՀԿ-ի հայտարարությունում մեջբերվում են ամենակոպիտ խախտումները.

Այսպես կոչված «ճոճանակի» ենթադրյալ փաստ: Մառնեուլի թիվ 13 ընտրատեղամասում ընտրողներից մեկը երկու անգամ է քվեարկել, սակայն երրորդ փորձի ժամանակ հանձնաժողովի անդամները թույլ չեն տվել դա անել: Միևնույն ժամանակ, «Transparency International»-ի տվյալներով, քաղաքացին գրանցված է եղել մեկ այլ ընտրատեղամասում: Տեղեկություններ կան նաև Մառնեուլում ևս մի քանի նմանատիպ դեպքերի մասին:

Ընտրողների հնարավոր ընտրակաշառք: Տուշեթիի թիվ 1 ընտրատեղամասի մոտ դիտորդները նկատել են մի մարդու, որը երեք հոգու փոխանցել է գումար և ընտրողների քարտերը:

Աշխատանքին խոչընդոտում և ճնշում դիտորդների վրա: Մառնեուլի թիվ 13 ընտրատեղամասում «Transparency International»-ի դիտորդը բանավոր վիրավորանքի է ենթարկվել: Մինչև 50 մարդ մոբիլիզացված է սույն ընտրատեղամասի շենքում և դրա շրջակայքում, ինչը պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծում:

Թելավիի թիվ 6 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամները դիտորդին թույլ չեն տվել տեսանկարահանել, և որոշակի ժամանակահատվածում չեն ընդունել բողոքը:

Քվեարկության գաղտնիության խախտում: Փոթիի թիվ 33 ընտրատեղամասում «Կանաչ երկիր» կազմակերպության դիտորդը մտել է ընտրախցիկ, ինչին հանձնաժողովի նախագահը չի արձագանքել:

Դմանիսիի թիվ 43 ընտրատեղամասում ընտրողներից մեկը քվեաթերթիկի վրա շրջանակի մեջ է առել իր նախընտրած թեկնածուին անմիջապես գրանցասեղանի մոտ, ինչին չի հետևել նկատողություն: Նույն ընտրատեղամասում հանձնաժողովի անդամը թելադրել է ընտրողին, թե ում օգտին քվեարկել:

Թելավիի թիվ 6 ընտրատեղամասում «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի» դիտորդը փորձել է քվեախցիկ մտնել ընտրողի հետ: «Transparency International»-ի դիտորդը փորձել է տեսախցիկով ֆիքսել այս փաստը, սակայն դա նրան թույլ չեն տվել հանձնաժողովի անդամները, որոնք նաև սպառնացել են վտարել նրան: Միևնույն ժամանակ, «Կենտրոնի» դիտորդը, որը չէր կարողացել մտնել ընտրախցիկ, ընտրողին է հանձնել իր հեռախոսը:

Ընտրատեղամասի շուրջ 100 մետր շառավղի խախտում: Կուսակցությունների համակարգողների կուտակումը կրկին նկատվում է բազմաթիվ ընտրատեղամասերի մոտակայքում, այդ թվում՝ դրանցից 100 մետր հեռավորության վրա՝ խախտելով Ընտրական օրենսգրքի նոր փոփոխությունները: Նման դեպքերում, ըստ «Transparency International»-ի, դիտորդները զանգահարել են պարեկային ոստիկանություն, որից հետո խնդիրը սովորաբար լուծվել է: