Կիբերհարձակում է իրականացվել Վրաստանի առողջապահության նախարարության, այդ թվում՝ Ռիչարդ Լուգարի անվան հասարակական առողջապահության հետազոտական կենտրոնի համակարգչայաին համակարգի վրա։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:
Ըստ գերատեսչության՝ հարձակումն իրականացվել է արտերկրից, պանդեմիայի կառավարման վերաբերյալ կարևոր բժշկական տվյալների բազայի տեղեկատվությունը ստանալու և օգտագործելու նպատակով։
Վրաստանի ՆԳՆ-ն պնդում է, որ ապօրինի ներթափանցման արդյունքում հասանելի դարձած իրական փաստաթղթերի մի մասն այժմ ներբեռնվել է արտերկրի վեբ կայքերից մեկը և հասանելի է զանգվածային կիրառման համար։ Բացի այդ, ըստ գերատեսչության, այդ կայք են ներբեռնվում ակնհայտ կեղծ փաստաթղթեր՝ բնակչությանն ահաբեկելու նպատակով։
Վրաստանի ՆԳՆ-ն դիմելու է գործընկեր երկրների համապատասխան ծառայություններին՝ գործուն աջակցության խնդրանքով։ Ըստ ապացույցների՝ կիբերգրոհն իրականացրել է արտասահմանյան հատուկ ծառայություններրից մեկը։
Հետխորհրդային տարածքում ԱՄՆ-ի աջակցությամբ արդիականացված լաբորատորիաներում կենսաբանական հետազոտություններ են արվում, այդտեղ ուսումնասիրվում են վիրուսներ։ Նման լաբորատորիաներ գործում են Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում և Ղազախստանում: Լուգարի անվան լաբորատորիան Վրաստանում այդ թվին է պատկանում։