Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեի խոսքով՝ ապրիլին Վրաստան պետք է առաքվի չինական «Sinopharm» ընկերության արտադրած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մինչեւ 100 000 դեղաչափ:
Ինչպես Գամկղրելիձեն հայտնել է Վրաստանի Առաջին ալիքին, միևնույն ժամանակ, զուգահեռ բանակցություններ են ընթանում Pfizer, Novovax, Johnson&Johnson և հակավիրուսային պատվաստանյութերի այլ արտադրողների հետ:
«Ապրիլին Sinopharm-ի մոտ 100 հազար դեղաչափ կմատակարարվի Վրաստան: Պատվաստանյութը սպասում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաստատմանը, սակայն այն արդեն ունի ամենախիստ կարգավորող մարմիններից մեկի կողմից հաստատում:
«Ուղիղ բանակցություններ են տարվում Pfizer, Novovax, Johnson & Johnson, Indian Serum Institute և շատ այլ արտադրողների հետ` նպատակ ունենալով փուլ առ փուլ ներմուծել Վրաստան ավելի շատ պատվաստանյութեր: Մենք ցանկանում ենք, որ հուլիսին կարողանանք սկսել «զանգվածային պատվաստումը», – ասել է Գամկղրելիձեն:
Ըստ նրա՝ պատվաստումների ներկայիս տեմպերով մինչեւ տարեվերջ հնարավոր չի լինի պատվաստել երկրի բնակչության 60 տոկոսը:
«Մենք աշխատում ենք պատվաստումների խոշոր կենտրոնների ստեղծման ուղղությամբ, որոնք մեզ պետք է հնարավորություն տան պատվաստել օրական 5 000–7 000 և ավելի մարդկանց: Համապատասխան ծրագիրը կներկայացվի մայիսին: Ուստի ներկայիս տեմպերը գոհացուցիչ չեն», – ասել է Գամկղրելիձեն: