Աղքատությունը անկախությունից գրեթե 30 տարի անց Վրաստանում շարունակում է մնալ ամենալուրջ խնդիրներից մեկը:
90-ականների կոլապսը էապես վատթարացրեց երկրի բնակչության տնտեսական վիճակը: Հետագայում իրավիճակը բարելավվեց, բայց այսօր շատ ընտանիքների եկամտի միակ կայուն աղբյուրը շարունակում է մնալ պետական նպաստներն ու կենսաթոշակը:
Ըստ Geostat-ի՝ 2019 թվականին երկրի յուրաքանչյուր 5-րդ քաղաքացին ապրում է աղքատության շեմից ցածր: 10 տարի առաջ՝ ամեն 4-րդը: Նրանց մեծ մասի եկամուտը նույնիսկ չի հասնում պաշտոնական, զգալիորեն ցածր աղքատության մակարդակին, որը ամսական կազմում է 187 լարի:
Ըստ միջազգային չափանիշների, ծայրահեղ աղքատության ցուցանիշում է գտնվում այն մարդը, որն օրական ապրում է 1,90 դոլարից պակաս եկամուտով: Հաշվի առնելով գնային տարբերությունը, Վրաստանում այս ցուցանիշը կազմում է մոտ 60 ցենտ, այսինքն՝ օրական 2 լարի, ինչը 3 անգամ ցածր է պաշտոնական կենսապահովման նվազագույնից:
Ըստ Ասիական զարգացման բանկի՝ Վրաստանում նման պայմաններում ապրում է բնակչության 3,6%-ը, այսինքն՝ 133 000 մարդ:
2020 թվականի հոկտեմբերի դրությամբ՝ 3,7 միլիոն բնակչություն ունեցող Վրաստանում, 510 000 մարդ օգտվում է տարբեր պետական սոցիալական նպաստներից, բայց փետրվարից, այսինքն՝ համաճարակի մեկնարկից հետո, դրանց թիվը ավելացել է ևս 70 000-ով:
2020 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին պետությանը սոցիալական նպաստ ստանալու համար դիմել է 994 000 մարդ, այսինքն՝ 100 մարդուց 27-ը այս կամ այն ձևով ֆինանսական օգնության կարիք ունի կառավարությունից, որոնցից 14-ն արդեն ստանում է այդպիսի օգնություն:
2020 թվականին համաճարակի հետ կապված տնտեսական ճգնաժամի պատճառով աղքատության անկման միտումը զգալիորեն դանդաղել է:
Համաշխարհային բանկի տվյալների համաձայն, համաճարակի հետ կապված սահմանափակումների արդյունքում, օրական 1,90 դոլարով ապրող բնակչության թիվն աշխարհում աճել է 150 միլիոնով: Սա հիմնականում Աֆրիկայի և Ասիայի ամենաաղքատ երկրների համար է, բայց Վրաստանի տվյալները, իհարկե, շատ ավելի լավը չեն: