Ուկրաինայի ԱԳՆ-ը հրապարակել է Վրաստանի ժամանակավոր ներկայացուցիչ Սանդրո Թոփուրիայի կանչման պաշտոնական մեկնաբանությունը:
«Հոկտեմբերի 2-ին Ուկրաինայում Վրաստանի գործերով ժամանակավոր հավատարմատար Սանդրո Թոփուրիան հրավիրվել էր Արտաքին գործերի նախարարություն: Դիվանագետը մեզ տեղեկացրեց Ուկրաինայում Սաակաշվիլիի ձերբակալման հանգամանքների, Վրաստանի ՔՕ հոդվածների մասին, որոնց համաձայն նրան մեղադրանք է առաջադրվել:
Ուկրաինական կողմն ընդգծել է Սաակաշվիլիի օրինական իրավունքների լիարժեք պաշտպանության անհրաժեշտությունը, դիմել է վրացական կողմին` խնդրելով թույլ տալ նրա մոտ Ուկրաինայի հյուպատոսին` իրավական և հյուպատոսական օգնություն ցուցաբերելու համար:
Արտաքին գործերի նախարարությունը հաստատել է Ուկրաինայի սկզբունքային դիրքորոշումը՝ չխառնվել Վրաստանի ներքին գործերին», – ասվում է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության մեջ, որն արվել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոյի անունից:
Նշենք, որ ավելի վաղ՝ հոկտեմբերի 1-ին, Ուկրաինայի նախագահը մտահոգություն էր հայտնել Վրաստանում Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալության կապակցությամբ:
«Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մտահոգված է Վրաստանի նախկին նախագահի և Ուկրաինայի Բարեփոխիչ ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալությամբ»,- սոցիալական ցանցում հրապարակում է կատարել Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը:
Բացի այդ, Ուկրաինայում Վրաստանի դեսպանատան ղեկավարը հրավիրվել էր Արտաքին գործերի նախարարություն՝ նման ձերբակալության հիմքերի և հանգամանքների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն ստանալու համար: