Գյուղերի բնակիչների համար խմելու ջրի վերականգնման երեք նախագիծ այժմ ընթացքի մեջ է, ևս մեկ այլ նախագիծ սպասում է Վրաստանի Միասնական Ջրամատակարարման կողմից հաստատման:
Ախալքալաքի շրջանի գյուղերում խմելու ջրի հարցը երկար տարիների ընթացքում չեն կարող հաղթահարել: Ամեն տարի շրջանում անցկացվում են նոր ջրատար գծեր անցկացնելու աշխատանքներ և արդեն առկա գծերի նորոգման աշխատանքներ, սակայն շատերը հնարավորություն չունեն օգտվելու խմելու ջրից սեփական տանը: Քաղաքապետարանում կարծում են, որ դրանում մասամբ մեղավոր են նաև բնակիչները:
«Հարկավոր է ջուրը օգտագործել խնայողաբար: Խնայողաբար օգտագործման դեպքում, կարծում եմ, գյուղերի 85%-ն ապահովված կլինի խմելու ջրով: Գյուղեր կան, օրինակ, Տրկնա, Կարծախ և այլն, որոնք իսկապես ունեն խմելու ջրի խնդիր: Մենք փորձում ենք դրանք լուծել», ասում է Ալբերտ Նահատակյանը:
Այս տարի շրջանը խմելու ջրի գծերի վերանորոգման համար արդեն հայտարարել է երկու տենդեր-մրցույթ:
Շրջանի 6 գյուղերի խողովակաշարերի մասնակի վերականգնման տենդեր-մրցույթը (Դադեշ` 42,457 լարի, Բուզավեթ` 9004,2 լարի, Բավրա` 7130,5, Աբուլ` 18627,7, Իխտիլա` 2542,3 լարի, Ափնիա` 2966, 1 լարի) հաղթեց ՍՊԸ «ARO» ընկերությունը: Նախնական գումարը կազմեց` 60 858 լարի, սակայն աճուրդի ընթացքում «ARO» ընկերությունը հաղթեց 54 681 լարիի գումարով: Այս տենդեր-մրցույթը ներառում է նաև խմելու ջուր անցկացնելու նախագիծ, Ախալքալաքի Նալբանդյան փողոցից մինչ Դիլիսկա գյուղի կամուրջը: Ալբերտ Նահակակյանի խոսքերով, այս տարածքում ապրում է 18 ընտանիք: Այս նախագծի գումարը կազմում է 16341, 5 լարի: Վերականգնողական աշխատանքները ընթանում են մայիսի 3-ից:
Պրոցեսում են նաև Տուրցխ և Լոմատուրցխ գյուղերի խմելու ջրի ջրատարների վերականգնման աշխատանքները: Քաղաքապետարանը հատկացրել է 168 988 լարի: Տենդեր-մրցույթի հաղթող է ճանաչվել ՍՊԸ «Տա Տա»-ն 135 191 լարիով: Աշխատանքները սկսվել են այս տարվա մարտի 22-ից:
Հիմնովին փոխվում են Ալաթուման գյուղի խմելու ջրի խողովակաշարը, փոխվում է Բեժանո գյուղից մինչ Ալաթուման գյուղի ասբեստե խողովակները:
Ախալքալաքի շրջանի ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության բաժնի պետ Ալբերտ Նահատակյանի խոսքերով, այս տարի նախատեսվում է նաև նոր ջրատար գիծ կառուցել Ազմանա գյուղում 142 հազար լարիի և Սամսար գյուղում` 76 հազար լարիի: Նախագծերը պատրաստ են և սպասում են Միասնական ջրամատակարարման կազմակերպության հաստատմանը:
Շուշան Շիրինյան