Վրաստանի հոկտեմբերի 2-ին կայանալիք Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները կանցկացվեն նոր ընտրական օրենսգրքին համապատասխան: Ըստ փոփոխությունների, ավելացել է ԿԸՀ անդամների և ընտրատարածքային ու ընտրատեղամասային հանձնաժողովների անդամների թիվը: Ախալքալաքի մունիցիպալիտետում բացվել է 71 ընտրատեղամասային հանձնաժողով:
Ներկայումս Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 12 -ի փոխարեն բաղկացած է 17 անդամից, որից 9 -ը նշանակվում են կուսակցական քվոտայով, իսկ 8 -ը` մրցութային կարգով:
Ըստ այդմ, ավելացել է նաեւ շրջանային եւ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների թիվը: Նոր օրենսդրությամբ տեղամասային հանձնաժողովները բաղկացած են 17 անդամից, որոնցից 9 -ը նշանակվում են կուսակցական քվոտայով, իսկ 8 -ը՝ ԿԸՀ –ի կողմից:
Ախալքալաքի մունիցիպալիտետում բացվել է 71 ընտրատեղամասային հանձնաժողով, որից 8 -ը գտնվում են Ախալքալաքում, իսկ մնացածը` գյուղերում: Ընտրատեղամասերի մեծ մասը գտնվում է հանրային դպրոցների շենքերում:
Ընտրատեղամասային հանձնաժողովներն արդեն մեկ ամիս է աշխատում են: Jnews- ն այսօր այցելեց Ախալքալաքի երեք ընտրատեղամաս՝ 40.01, 40.02 և 40.66:
40.01 ընտրատեղամասում գրանցված է 1459 ընտրող: Հերթապահ Գայանե Գևորգյանն ասաց, որ իր հերթափոխի ժամանակ մարդիկ են եկել ստուգելու իրենց անունների առկայությունը ընտրացուցակներում:
40.02 ընտրատեղամասում գրանցված է 1 441 ընտրող, 43 ընտրող շարժական քվեատուփի համար դիմում են ներկայացրել, որպեսզի տնից քվեարկեն:
40.66 ընտրատեղամասում գրանցվել է 771 ընտրող, այս ընտրատեղամասում 12 հոգի դիմում են ներկայացրել շարժական քվեատուփի համար: Երեք ընտրատեղամասերում էլ մարդիկ ստուգել են իրենց կամ իրենց հարազատների անունների առկայությունն ընտրացուցակներում:
Օրենսգրքի փոփոխությունների համաձայն, փոխվել է նաև համամասնական և մեծամասնական ընտրակարգով ընտրված անդամների հարաբերակցությունը. Վրաստանի հինգ խոշոր քաղաքներում դա կազմում է 4/1, իսկ այլ տեղերում 2/1՝ հօգուտ համամասնական ընտրակարգի:
Հոկտեմբերի 2 -ի ՏԻՄ ընտրությունները տեսանկարահանվելու եւ տեղադրվելու են համացանցում: 3200 ընտրատեղամասում (որտեղ ընտրողների թիվը գերազանցում է 300 -ը) տեսախցիկների միջոցով տեսագրվելու է ձայների հաշվարկման գործընթացը: