«Արդար ընտրություններ եւ միջազգային ժողովրդավարական հասարակություն» դիտորդական կազմակերպությունը բողոք է ներկայացրել՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում ընտրական օրենսդրության խախտման վերաբերյալ, քաղաքապետի տեղակալ Արմեն Մառանգոզյանի կողմից: Շրջանային հանձնաժողովի նախագահը պնդում է, որ իրենք գրավոր բողոքներ չեն ստացել:
Հոկտեմբերի 9-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում «Արդար ընտրություններ եւ միջազգային ժողովրդավարական հասարակություն» կազմակերպությունը գրանցել է 82 համարի ներքո բողոք, որը հոկտեմբերի 10-ին ուղղորդվել է թիվ 40 Շրջանային ընտրական հանձնաժողով, այսինքն` Ախալքալաք, ԿԸՀ-ի նախագահ Թամար Ժվանիայի անունից նախագահ Հասմիկ Մառանգոզյանին: Դիմումը պատկանում է «Մասնակցություն նախընտրական քարոզչությանը` ընտրական օրենսդրության խախտմամբ» կարգին:
Մասնավորապես, բողոքում նշվում է, որ քաղաքապետի տեղակալ Արմեն Մառանգոզյանը, աշխատանքային ժամերին, տեղեկություն է հրապարակել նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի նախընտրական այցի մասին իր ֆեյսբուքյան էջում: Դիտորդական կազմակերպությունն իր բողոքում նշում է նաեւ, որ այս խախտումը վարչական իրավախախտում է, Ընտրական օրենսգրքի 79-րդ հոդվածի համաձայն, որը կարող է իրավախախտողի վրա կիրառել 2000 լարիի չափով տուգանք:
Դիմումը Ախալքալաքի շրջանային հանձնաժողովում դեռեւս գտնվում է վերանայման փուլում: Երբ մենք դիմեցինք հանձնաժողովին՝
պարզելու, թե բողոքներ գրանցվել են եւ ինչ փուլում է դրանց քննարկումը, հանձնաժողովի նախագահ Հասմիկ Մարանգոզյանը նշեց, որ հանձնաժողովում որեւէ գրավոր բողոք կամ դիմում գրանցված չէ:
«Մենք որևէ գրավոր հայտարարություն չունենք, մենք հո jnews-ը չենք, որ հիմնվենք փողոցի խոսակցությունների վրա», – ասաց Հասմիկ Մառանգոզյանը:
Ինքն՝ Արմեն Մառանգոզյանն, ասում է, որ նա չի ստացել ոչ մի տուգանք եւ նախազգուշացում, եւ իր կողմից խախտում չի էլ եղել: