Վրաստանի կրթության նախարար Միխեիլ Չխենկելիի խոսքով՝ հոկտեմբերի 4-ին ուսումնական գործընթացը կշարունակվի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր դպրոցների դասարաններում: Նրա խոսքով, կրթական գործընթացը կսկսվի նաև հոկտեմբերի 4-ին բոլոր մանկապարտեզներում:
«Մենք շատ լավ նորություններ ունենք հասարակության համար, մասնավորապես, հոկտեմբերի 4-ին նախակրթարանների աշխատանքն ամբողջությամբ կվերականգնվի: Իհարկե, սա վերաբերում է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր մանկապարտեզներին: Երկրի բոլոր դպրոցներում, պետական և մասնավոր՝ ուսումը կշարունակվի հոկտեմբերի 4-ին դասարաններում, այսինքն` ներկա ձևաչափով: Սա մեծ ձեռքբերում է և շնորհավորում եմ բոլորին», – ասել է Միխեիլ Չխենկելին:
Ինչ վերաբերում է արհեստագործական քոլեջներին և համալսարաններին, Չխենկելին բացատրել է, որ ամբողջ երկրում նրանք իրավունք ունեն հոկտեմբերի 4-ից վերսկսել ուսուցման գործընթացը դասասենյակներում:
«Քոլեջներն ու համալսարաններն ինքնուրույն են որոշում կայացնում՝ իրենց լիազորությունների շրջանակներում, իհարկե, նախարարության հետ համաձայնությամբ: Այստեղ ուզում եմ ընդգծել, որ խստորեն կպահպանվեն առողջապահության բնագավառում տրված առաջարկությունները», – ասել է Կրթության նախարարը:
Նախարարի խոսքով՝ անհրաժեշտ կլինի, որ դպրոցներում բոլոր աշակերտները շնչադիմակ կրեն:
«Դպրոցը խստորեն հետևելու է բոլոր առաջարկություններին և բժշկական հանձնարականներին, որպեսզի այնտեղ լինի առողջ միջավայր», – ավելացրել է Միխեիլ Չխենկելին: