Ինչու՞ է ձգձգվում Վաչիան գյուղի հանրային դպրոցի տնօրենի նշանակումը: Արդեն երեք շաբաթ է, երեք թեկնածու ուղարկել են նախարարություն իրենց հայտերը, սակայն հարցը զարգացում դեռ չի ստացել: Աշակերտների ծնողները պահանջում են գյուղի թեկնածուի նշանակումը:
Վաչիանի դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար պայքարում են երեք թեկնածու՝ Արևիկ Գաբրիելյանը, Մարինա Չոմարյանը և Սեդա Մելքումյանը: Երեք շաբաթ է, թե աշակերտների ծնողները, թե դպրոցի մանկավարժական կազմը ամեն օր սպասում է նոր տնօրենին: Սակայն նշանակումը ձգձգվում է: Ախալքալաքի կրթական ռեսուրս կենտրոնից տեղեկացանք, որ նոր տնօրենի նշանակման ձգձգման պատճառ հանդիսացան փոփոխությունները Կրթության և գիտության նախարարությունում:
«Երևի շուտով Վաչիանի դպրոցը կունենա նոր տնօրեն: Նշանակումն ուշացավ, քանի որ նախարարը փոխվեց»,- ասաց Ախալքալաքի կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավար Թերեզա Չիվչյանը:
Աշակերտների ծնողներն անհանգստացած են: Մոտ 20 ծնողներ եկել էին Ախալքալաքի կրթական ռեսուրս կենտրոն ասելու, որ իրենք տնօրենի պաշտոնում տեսնում են Արևիկ Գաբրիելյանին: Վերջինս հենց Վաչիան գյուղից է, դպրոցում Հայոց լեզու և գրականություն է դասավանդում:
«Եկել ենք, որ մեր գյուղից նշանակեն տնօրեն: Սա գյուղ է, բոլորը իրար ճանաչում են: Գյուղի մարդը կարող է հասկանալ ու մտնել աշակերտի դրության մեջ: Օր. Ես իմ երեխայի խնդիրների մասին հաստատ չեմ կարող ասել դրսից եկած տնօրենին: Եթե մեր գյուղի թեկնածուին չնշանակեն, մենք մինչև վերջ բողոքելու ենք»,- ասաց ծնողնեից մեկը, նպատակահարմար չհամարելով նշել անուն ազգանունը:
Ծնողների խոսքերով, նրանք քաղաքաբնակ երկու թեկնածուի դեմ ոչինչ չունեն:
«Սա գյուղ է, մարդ ես ինձ ուշ ժամի մի փաստաթուղթ է անհրաժեշտ, պարտադիր պետք է հասնեմ քաղաք, որ կարգավորեմ: Մենք մնացած թեկնածուների դեմ ոչինչ չունենք, սակայն ելնելով մի շարք հանգամանքներից պահանջում ենք, որ գյուղի թեկնածուին նշանակեն: Ռեսուրս կենտրոնից ասացին, որ նախարարությունն է որոշում: Հիմա մեզ մնում է միայն սպասել»,- ասաց մեկ այլ ծնող:
Վրաստանի «Միջնակարգ կրթության մասին» օրենքը ենթադրում է.
«Հոգաբարձուների Խորհուրդը մրցույթով անցած թեկնածուներից, ըստ ցուցակի, գաղտնի քվեարկությամբ հավասարության և ընտրության ազատության հիման վրա ընտրում է դպրոցի տնօրենին»: Դեռևս մայիսի 13-ին Վաչիանի դպրոցի հոգաբարձուների խորհուրդը հատուկ նիստ է գումարել նոր տնօրենի ընտրության հետ կապված և որոշում ընդունել, ըստ որի հոգաբարձուների խորհուրդը թեկնածուներից նախապատվությունը տվել է Արևիկ Գաբրիելյանին:
Արդեն երկու ամիս է Վաչիանի հանրային դպրոցի տնօրենի պարտականությունները կատարում է ուսմասվարը: Ըստ օրենքի, եթե տնօրենը հրաժարվում է, կամ գտնվում է արձակուրդում, ապա տնօրենի պարտականությունները մեխանիկորեն անցնում են փոխտնօրենին: Ելնելով առողջական խնդիրներից ուսմասվարը խնդրել էր շուտ նշանակել նոր տնօրենին:
Աղունիկ Այվազյան