Ախալքալաքի շրջանի որ դպրոցները կունենան նոր շենք, որոնք են վերանորոգվում և որոնք ունեն վերանորոգման կարիք: Ինչպես նաև, ինչպես են ընտրվում դպրոցները, որոնք բարեկարգվում են:
Ախալքալաքի շրջանում կա 67 հանրակրթական դպրոց: Դպրոցներից հինգը գտնվում են քաղաքում, իսկ մնացածը` գյուղերում: Ախալքալաքի շրջանի որոշ գյուղերի հանրակրթական դպրոցներ գտնվում են վթարային վիճակում: Ազավրեթ գյուղի դպրոցում սեպտեմբերի 15-ին առաջին զանգ չհնչեց, այն պատճառով, որ վտանգավոր էր դպրոցի շենքում գտնվելը: Գումբուրդո, Չամդուրա, Բալխո, Օրջա, Կոկիո, Կորխ, Վարևան գյուղերի դպրոցները և մի շարք այլ գյուղերի դպրոցներ կարիք ունեն հիմնական վերանորոգման, կամ էլ նոր շենքի կառուցման:
Մենք դիմեցինք Վրաստանի Կրթության և գիտության նախարարություն, պարզելու համար, թե ինչ չափանիշներով են ընտրվում դպրոցները, որոնք ունեն վերանորոգման կարիք: Ինչպես պարզվեց, հիմնական չափանիշ համարվում է դպրոցից ներկայացված գրավոր դիմումը:
«Ենթակառուցվածքների, կրթության և գիտության զարգացման գործակալությունը կրթական հաստատությունների վերականգնումը իրականացնում է Նախարարության համաձայնությամբ: Հանրակրթական օբյեկտների ընտրությունը` վերականգնման համար տեղի է ունենում այդ հաստատություններից ստացված գրության, և գործակալության աշխատակիցների տեղում ուսումնասիրության գնահատականի հիման վրա», – ասված է Կրթության և գիտության նախարարության մեզ պատասխան նամակում:
Ըստ այս նամակից ստացված տեղեկատվության, նախատեսվում է կառուցել նոր դպրոցական շենք Ախալքալաքի շրջանի Ափնիա, Սուլդա, Չունչխա գյուղերում, ինչպես նաև Հոկամ գյուղի №2 դպրոցը:
Ըստ նախարարության տեղեկատվության, 2016 թ.-ին Ախալքալաքի շրջանում մասնակի վերանորոգում էր նախատեսված 17 դպրոցներում: Արագվա, Մեծ Սամսար, Էխտիլա, Զակ, Կուլիկամ, Խուլգումո, Բալխո, Լոմատուրցխ, Տուրցխ գյուղերի դպրոցներում և Դիլիսկա գյուղի №1 դպրոցում աշխատանքներն ավարտվել են: Աշխատանքներն ընթացքի մեջ են Պտենա գյուղի դպրոցում, Ախալքալաքի № 1 և № 2 դպրոցներում: Կատարվում է Բարալեթ գյուղի №2 դպրոցի և Ազավրեթ գյուղի դպրոցի, ինչպես նաև Ախալքալաքի №4 դպրոցի մասնակի վերանորոգում: Ենթակառուցվածքների, կրթության և գիտության զարգացման գործակալությունը հաղորդում է, որ 2016 թ.-ին պետական բյուջեի ֆինանսավորման շրջանակներում, Ախալքալաքի քաղաքի №4 դպրոցի վերանորոգման կամ շինարարության համար տենդեր-մրցույթ չի հայտարարվել: Այս դպրոցի վերականգնողական աշխատանքները ֆինանսավորում է “Հազարամյակի մարտահրավերներ” հիմնադրամը:
2011-2015 թթ. ընթացքում, Ախալքալաքի շրջանում վերանորոգվել է 31 հանրային դպրոց: Նրանց թվում են նաև Ազավրեթ, Արագվա, Կորխ, Չամդուրա, Վարևան գյուղերի դպրոցները, այսինքն, այն դպրոցները, որոնք կարիք ունեն հիմնական վերանորոգման կամ նոր շենքի, բայց այնտեղ իրականացվել են մասնակի նորոգումներ:
2012 թ.-ին Ախալքալաքում կառուցվել է Վրացական №3 դպրոցի նոր շենքը, ինչպես նաև անցյալ տարի նոր դպրոց է կառուցվել Բուխաշեն գյուղում:
Շուշան Շիրինյան