Վաչիան գյուղի հանրային դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար պայքարում են երեք թեկնածուներ: Այս պահին դպրոցի տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարում է ուսմասվարը:

Գրեթե մեկ ամիս է ինչ Վաչիանի հանրային դպրոցի տնօրենի պարտականությունները կատարում է ուսմասվարը (տնօրենը մահացել է): Ըստ օրենքի, եթե տնօրենը հրաժարվում է, կամ գտնվում է արձակուրդում, ապա տնօրենի պարտականությունները մեխանիկորեն անցնում են փոխտնօրենին: Ինչպես տեղեկացանք Ախալքալաքի կրթական ռեսուրս կենտրոնից, փոխտնօրենը խնդրել է հնարավորության սահմաններում արագացնել նոր տնօրենի ընտրության գործընթացը, քանզի ինքը առողջական խնդիրներ ունի և չի կարող գերհագեցած գրաֆիկով աշխատել:

Վաչիան գյուղի տնօրենի պաշտոնի համար պայքարում են երեք թեկնածուներ՝ Արևիկ Գաբրիելյանը, Մարինա Չոմարյանը և Սեդա Մելքումյանը: Առաջին երկուսը հենց Վաչիան գյուղի դպրոցի մանկավարժական կոլեկտիվից են:

Մայիսի 13-ին Վաչիանի դպրոցի հոգաբարձուների խորհուրդը հատուկ նիստ է գումարել նոր տնօրենի ընտրության հետ կապված և որոշում ընդունել. ըստ որի հոգաբարձուների խորհուրդը թեկնածուներից նախապատվությունը տվել է Արևիկ Գաբրիելյանին:

Jnews.ge-ի հետ հեռախոսազրույցում Վաչիանի դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահը վստահեցրեց, որ ոչ մի իրարանցում չկա դպրոցում և ամեն ինչ կարգին է:

«Մեր հոգաբարձուների խորհուրդը քննարկել է և, հաշվի առնելով ինչպես ծնողների այնպես էլ մանկավարժական կոլեկտիվի կարծիքը, արձանագրություն է կազմել, որը արդեն հանձնվել է կրթական ռերուրս կենտրոն»,- ասաց Հոգաբարձուների խորհրդի նախագահը, չցանկանալով նշել ազգանունը:

Ախալքալաքի կրթական ռեսուրս կենտրոնի տնօրենի խոսքերով, Հոգաբարձուների խորհուրդը իրավասու չէ նշանակել նոր տնօրեն:

«Աշխատում ենք, ինչքան հնարավոր է շուտ լուծել այս խնդիրը, քանի որ փոխտնօրենը առողջական խնդիրներ ունի և չի կարող երկար ժամանակ տնօրենի պարտականությունները կատարել: Հոգաբարձուների խորհուրդը չի կարող որոշում կայացնել: Տնօրեն ընդունելու դեպքում հաշվի են առնվում տարբեր չափորոշիչներ: Խոսակցություն եղավ, որ անպայման վրացերեն պետք է իմանա, հակառակ դեպքում իրավունք չունի, պարզ է թղթաբանությունը պետական լեզվով է իրականացվում, բայց որ միայն վրացերեն իմացողը պետք է տնօրեն դառնա, դա բացառվում է»,- ասաց Ախալքալաքի կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավար Թերեզա Չիվչյանը:

Նշենք, որ Վաչիան գյուղի հանրային դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար երեք թեկնածուների դիմումները գտնվում են Վրաստանի Կրթության և գիտության նախարարությունում: Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում նախարարությունը պետք է նոր տնօրեն նշանակի:

Ավելացնենք, որ Վաչիան գյուղի հանրային դպրոցը Ախալքալաքի ամենամեծ դպրոցներից մեկն է, որտեղ 302 աշակերտ է սովորում:

Աղունիկ Այվազյան