Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման ամբողջական կուրսն անցել է 772 240 մարդ, ինչը կազմում է երկրի չափահաս բնակչության 27%-ը: Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը:
Պատվաստանյութի միայն մեկ դեղաչափ է ստացել 970 307 մարդ կամ չափահաս բնակչության 34,2%-ը: Այսպիսով, սեպտեմբերի 26-ի դրությամբ Վրաստանում ընդհանուր առմամբ կատարվել է 1 742 547 ներարկում: Նախօրեին COVID-19-ի դեմ 12 402 պատվաստում է իրականացվել:
Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները սկսվեցին մարտի 15-ին, աստիճանաբար ընդգրկելով բնակչության ավելի ու ավելի նոր խմբերի: Ազգային արշավը մեկնարկել է հուլիսի 5-ից:
Այս պահին Վրաստանում թույլատրվում է Pfizer-ի պատվաստումը 16 և բարձր տարիքի անձանց համար: 45 տարեկանից բարձր քաղաքացիները կարող են ընտրել AstraZeneca-ն, իսկ 18 տարեկանից բարձր՝ Sinopharm-ը կամ Sinovac-ը: Միևնույն ժամանակ, կարելի է պատվաստվել կամ նախապես գրանցմամբ՝ գրանցվելով Առողջապահության նախարարության կայքում, կամ կենդանի հերթով:
Ազգային ծրագրի համաձայն՝ մինչև 2021 թվականի վերջ Վրաստանի չափահաս բնակչության 60-70%-ը պետք է պատվաստվի կորոնավիրուսի դեմ: Փորձագետները կարծում են, որ դա բավական կլինի կոլեկտիվ իմունիտետ ձևավորելու համար: Վերջին երկու շաբաթվա ընթացքում պատվաստումների մակարդակը դանդաղել է մոտ երկու անգամ: Համաճարակաբանները նշում են, որ եթե իրավիճակը չփոխվի, ծրագիրը կտապալվի: