Ախալքալաքի մունիցիպալիտետի վետերանների շարքերն սակավացել են: Այս տարի Հաղթանակի օրը նշելու է մունիցիպալիտետի միակ վետերանը: Աշոտ Ալագուլյանն ապրում է Խանդո գյուղում: Աշոտ պապը, սակայն, դժվար թե կարողանա մեդալներով տոնական կոստյումը հագնել և հաղթանակի 76 –րդ տարելիցին գնալ քաղաք՝ Խորհրդային Միության հերոս Վաչագան Վանցյանի հուշարձանի մոտ: Նրա առողջությունը թույլ չի տալիս:

Մոտ երկու տարի առաջ, երբ Jnews- ը գրեց Աշոտ Ալագուլյանի մասին, նա էներգիայով լեցուն էր և աշխույժ: Կենսուրախ, ասող-խոսող վետերանն արդեն երկու տարի է գամված է անկողնուն, չի կարողանում քայլել: Երկու տարի առաջ, բարեկամի հուղարկավորությունից վերադառնալիս, նա ընկնում և վնասում է ձեռքը, հետո մի քանի ամիս անց նաև ոտքը, ու այժմ անընդհատ անկողնում է: Նրան խնամում է դուստրը՝ Ալվարդը:

Մենք ու Աշոտ Ալագուլյանը նախապես չէինք պայմանավորվել իմ այցի համար, բայց առավոտյան նա իր դստերը ասել էր, որ այսօր հյուրեր ու լրագրողներ են իրեն այցելելու: Նրա մեդալներով տոնական կոստյումը և փափախը հանդիսավոր կերպով կախված են մահճակալի վերևը: Կողքին աթոռ կա, որի վրա ձեռնափայտն է դրված և խմիչք:

Աշոտ պապը սկզբում քիչ չէր խոսում, լռակյաց էր, հետո ոգևորությամբ սկսեց պատմել և պատասխանել մեր հարցերին: Նա վատ է լսում, մեր հարցերը ավելի բարձր և գյուղական բարբառով նրան թարգմանելու համար եկել էր հարևանուհին:

Ashot alagulyan

Աշոտ Ալագուլյանն 98 տարեկան է: Նա Սովետական բանակ է զինվորագրվել 16 տարեկանում: Նրա խոսքով, իրեն բանակ են զորակոչել եղբոր փոխարեն, 1942 թ.-ին: Նա ծառայել է Հայկական 89-րդ Թամանյան հրաձգային դիվիզիայում:

Մարտական ընկերները նրան վերաբերվել են ինչպես կրտսեր եղբոր և կատակել են. «Թող ուտի, որ մեծանա»: Վետերանը հիշում է պատերազմի տարիների բոլոր մանրամասները:

«1942 թ.-ի սեպտեմբերին ինձ տարան պատերազմ իմ համագյուղացիների հետ միասին: Սկզբում տարան Բուինակսկ, ապա 1943 թ.-ի մարտի 12-ին արդեն ուղարկեցին ռազմաճակատ: Ես հասա մինչև Բեռլին, եղա նաև Գյունցբուրգ քաղաքում », – վերհիշում է Աշոտ Ալագուլյանը:

kostyum

Երեխաների և ընտանիքի մասին խոսելիս Աշոտ Ալագուլյանի աչքերը արցունքոտվեցին՝ հուզվել էր: Նա կարոտում է իր երեխաներին ու թոռներին:

Աշոտ Ալագուլյանն ունի վեց զավակ՝ երկու որդի ու չորս դուստր և 17 թոռ:

«Ես շատ եմ կարոտել երեխաներիս և թոռներիս: Վախենում եմ, որ կմեռնեմ առանց նրանց տեսնելու: Երկու տարի առաջ, երբ ես շատ վատ էի, բոլորը 20 օրով եկել էին այստեղ, տունը լցվել էր երեխաներով և մարդկանցով: Հիմա միայն ես ու աղջիկս ենք»:

Նրա աչքերը շողշողացին, երբ հերթը հասավ նրա կնոջ մասին զրույցին: Աշոտ պապի սիրտը գրաված աղջկա անունն Արփեն էր: Նա մահացել է 1997 թ.-ին:

«Ես նրան շատ էի սիրում, ծնողներս ուզում էին, որ ես ամուսնանայի Քնարիկի (իրենց գյուղից մի աղջիկ) հետ, բայց ես, միևնույն է, ամուսնացա Արփենի հետ: Նա շատ գեղեցիկ էր: Ես շատ գոհ եմ իմ ապրած կյանքից, պարզապես Արփենը շուտ հեռացավ այս կյանքից», – արցունքն աչքերին ասում է վետերանը:

Աշոտ պապը մանկության տարիներին շատ չարաճճի ու չլսող երեխա էր:

«Չկար մի օր, որ ես չկռվեի երեխաների հետ», – ասում է նա:

Շրջապատում բոլորը նրան շատ են սիրում և ուշադիր են նրա նկատմամբ: Դուստրը կատարում է նրա բոլոր «քմահաճույքները», ինչպես ինքն է ասում: Իսկ հարեւանները, եթե տանը ինչ-որ անսովոր բան են պատրաստում, նրանք անպայման մի չափաբաժին բերում են Աշոտ պապին:

«Բժիշկն ինձ խորհուրդ է տվել ամեն օր 50 գրամ օղի խմել, և ես այդպես էլ անում եմ, և անմիջապես ինձ ավելի լավ և թեթև եմ զգում: Առավոտները վատ եմ զգում ինձ, կոկորդս չորանում է, ես չեմ կարողանում խոսել, ցույց եմ տալիս ձեռքերով, և աղջիկս արդեն գիտի, բերում է 50 գրամ, ես խմում եմ ու ինձ ավելի լավ եմ զգում»:

Մահճակալի կողքին կար նաև գարեջրի շշեր: Ալագուլյանի դուստրը՝ Ալվարդը, ժպիտով ասաց, որ պապն ամեն օր չորս շիշ գարեջուր է խմում: «Նա ջրի փոխարեն գարեջուր է խմում», – ասում է Ալվարդը:

Ախալքալաքի միակ վետերան Աշոտ Ալագուլյանը սիրում է խոսել իր կյանքի մասին, սիրում է լինել ուշադրության կենտրոնում: Նա շատ ուրախ էր մեր այցի համար: Ի վերջո, նա թե՛ ուշադրության կենտրոնում էր, թե՛ առավոտյան դստերը խոստացածը, որ հյուրեր է ունենալու, կատարվեց: