Վրաստանի Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) գաղտնալսման ֆայլերի շուրջ սկանդալը հասավ մինչև Բրյուսել: Եվրամիությունը հանդիպման կանչեց ԵՄ-ում Վրաստանի դեսպան Վախթանգ Մախարոբլիշվիլիին: Նրան հարցեր կտրվեն Վրաստանում դիվանագետների գաղտնի հետապնդման առթիվ:

Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանում ԵՄ դեսպան Կառլ Հարցելը:

«Դուք արդեն գիտեք Բրյուսելի արձագանքի մասին գաղտնալսումների վերաբերյալ: Մենք դրան շատ լուրջ ենք վերաբերվում, քանի որ այն հարցեր է առաջացնում: Դուք գիտեք, որ դիվանագիտական հարաբերությունները կարգավորվում են Վիեննայի կոնվենցիայով: Մենք բնական չենք համարում, որ Վրաստանի նման մտերիմ բարեկամն ու գործընկերը ներառված է նման գործողությունների մեջ: Այդ նպատակով, նախօրեին, Եվրամիությունում Վրաստանի դեսպանը հանդիպման է կանչվել Բրյուսելում գտնվող ԵՄ գլխավոր գրասենյակ՝ դիրքորոշումը հստակեցնելու և համապատասխան հետագա քայլեր ձեռնարկելու նպատակով», – ասաց Կառլ Հարցելը:

Սեպտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ համացանցում են հայտնվել հոգևորականների, այդ թվում` միանձնուհիների, քահանաների, մետրոպոլիտների և նույնիսկ Պատրիարքարանի Սինոդի անդամների` հոգևորականության մոտ 100 ներկայացուցչի գաղտնալսումների ձայնագրություններով հազարավոր ֆայլեր:

Մի քանի հազար աուդիո ֆայլեր, որոնք թվագրվում են 2013-2021 թվականներով, պարունակում են կոնկրետ մարդկանց անձնական կյանքի վարկաբեկիչ տվյալներ: Հատուկ ուշադրություն է դարձվում սեռական կողմնորոշմանը եւ բարձրաստիճան հոգեւորականների անցյալին:

Ֆայլերի իսկությունը դեռևս հաստատված չէ, սակայն վերահսկողության որոշ օբյեկտներ արդեն հաստատել են դրանց իսկությունը:

Ինչպես պարզել են ընդդիմադիր ԶԼՄ-ները, Վրաստանի ՊԱԾ-ի գաղտնալսման ֆայլերի համացանցում արտահոսքի մեջ կան փաստաթղթեր, որոնք վերաբերում են Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների աշխատակիցներին:

Ըստ վերլուծված ֆայլերի՝ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների, ԱՄՆ դեսպանատան լրատվամիջոցների հետ կապերի բաժնի պետի, դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի պետի և դեսպան Քելի Դեգնանի օգնականի խոսակցությունները գաղտնալսվել և ձայնագրվել են:

Բացի այդ, նրանք հետեւել են Գերմանիայի դեսպանի օգնականներին, ինչպես նաեւ Իսրայելի դեսպանին, նրա օգնականներին եւ անձնական քարտուղարին:

Ձայնագրված խոսակցությունների մեծ մասը վերաբերում էր կամ դիվանագետների և վրացի հոգևորականների խոսակցություններին, կամ պատրիարքարանին վերաբերող հարցերի նրանց քննարկմանը:

Համացանցում հայտնված խոսակցությունների բովանդակության մեջ ոչ մի առանձնահատուկ բան չկա, բայց կարևոր է, որ դիվանագիտական ծառայությունների բոլոր աշխատակիցները գաղտնալսվել են, նշում է «Մթավարի» հեռուստաընկերությունը:

Աղբյուրը՝ newsgeorgia.ge