Հունիսի 4-ին Ախալքալաքի Մշակույթի տանը «Բազմերանգ Վրաստան» ծրագրի շրջանակներում անցկացվեցին մշակութային միջոցառումներ:
Ախալքալաքում մշակութային փառատոնի կազմակերպիչն էր Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությունը, Գիորգի Լեոնիձեի անվան վրաց գրականության Թանգարանի հետ միասին: Ծրագրի նպատակն է` ազգային փոքրամասնությունների ինտեգրումը երկրի մշակութային կյանքին:
Ախալքալաքում միջոցառումը սկսվեց հունիսի 4-ին, 12:00-ին: Մշակույթի տան ճեմասրահում կայացավ վրաց և հայ գրողների գրքերի շնորհանդեսը, այդ թվում նաև գրող-թարգմանիչ` Գիվի Շահնազարի: Վրաց լեզվով ներկայացված էին Նահապետ Քուչակը, Սայաթ-Նովան ու Պարույր Սևակը:
Գիվի Շահնազարը արդեն երկար տարիներ զբաղվում է թարգմանություններով:
«Այս թարգմանությունները այնպիսին են, որ ընդմիշտ կմնան վրաց գրականության մեջ: Ցավոք, Քուչակը հրատարակվեց 500 նմուշով, իսկ դա շատ քիչ է: Նույնիսկ ես չունեմ մի նմուշ»,- ասում է Գիվի Շահնազարը:
Ներկայացվեց նաև «Կամուրջ» գիրքը, որը վեց տարվա ընդմիջումից հետո կրկին հրատարակվում է (2003 թ.-ից սկսած) Թբիլիսիում: Գրող-թարգմանիչ, Վրաստանի գրողների միության հայկական մասնաճյուղի նախագահ, «Կամուրջի» խմբագիր` Անահիտ Բոստանջյանը շատ ուրախ է, որ կարողացավ մասնակցել հետևյալ միջոցառմանը:
«Այս միջոցառումը նվիրված է հայ-վրացական մշակութային կապերին: Իհարկե մշակութային էներգիան, մշակույթների ներթափանցումը` հասարակության ճիշտ ուղղորդման գլխավոր նշաններից մեկն է: Այս կապում գրականությունը ունի շատ կարևոր դեր», – ասում է Անահիտ Բոստանջյանը:
Իր գիրքը ներկայացրեց «Գրական Մեսխեթի» գլխավոր խմբագիր Ավթանդիլ Բերիձեն:
«Սա առաջին գիրքն է, կլինի նաև երկրորդը և երրորդը: Ես հինգ տարվա ընթացքում անցա բոլոր տարածաշրջաններով և ժողովրդից հավաքեցի աշուղական պոեզիան, սկսելով Նինոծմինդայից մինչ Բորժոմի: Այս գրքում մեսխեթական բանահյուսությունն է, ժողովրդական երգեր, բանաստեղծություններ: Մնացած գրքերում կլինեն լեգենդներ ու հեքիաթներ: Այս գրքում, շատ են Ջավախքի գրողները, գրքի նյութերի գրեթե կեսը հավաքված է Ջավախքից», – ասում է Ավթանդիլ Բերիձեն:
Մշակույթի տան ճեմասրահում տեղի ունեցավ նաև Կարեն Ստելմաշովի լուսանկարների ցուցահանդեսը, ցուցադրված էին Ապագայի Տան սաների ձեռագործ աշխատանքները և ստեղծագործություններ թեկայից:
Փառատոնի պաշտոնական բացումը Մշակույթի տանը տեղի ունեցավ Վրաստանի հայկական ծագումով նկարիչների նկարների ցուցադրմամբ: Կարճ ելույթով ներկայացավ Ախալքալաքում Հաշտության և քաղաքացիական հավասարության նախարարության ներկայացուցիչ Արտյուշ Մելքոնյանը և հյուրերը: Ինչպես նաև հյուրերը կարդացին բանաստեղծություններ հայերեն և վրացերեն լեզուներով:
Շրջանի դպրոցների ակտիվ աշակերտներին, որոնք ամբողջ ուսումնական տարին մասնակցել են տարբեր միջոցառումների նվիրեցին գրքեր:
Երկար տարիներ շարունակ լավ աշխատանքի համար պատվոգիր շնորհվեց կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և հուշարձանների պահպանության բաժնի ղեկավար` Վալերի Ստելմաշովին:
Ցուցադրվեց կարճամետրաժ ֆիլմ և վերջում փառատոնը ավարտվեց համերգով:
Շուշան Շիրինյան