Այսօր՝ ապրիլի 29-ին, Պարի միջազգային օրն Ախալքալաքում նշվեց պարի փառատոնով: Նախաձեռնության հեղինակն էր Մշակույթի տան տնօրեն և «Ջավախք» համույթի գեղարվեստական ղեկավար Ալիկ Քսպոյանը:
Փառատոնին մասնակցեցին Ախալքալաքի շրջանի ոչ բոլոր գյուղերի պարային խմբերը։
Մինչ փառատոնի սկիզբը հյուրերը և մասնակիցները տարազներով շրջեցին Ախալքալաքի կենտրոնական «Խաս Բախչա» զբոսայգու շուրջբոլորը, այնուհետև՝ մեկնարկեց միջոցառումը։
Միջոցառմանը ներկա էին քաղաքապետի տեղակալները, Ախալքալաքի հայկական և վրացական եկեղեցիների հոգևոր հայրերը և մունիցիպալ այլ աշխատակիցներ։
«Պարի միջազգային օրը մենք շուտվանից ենք նշում, սակայն ոչ այսպիսի մասշտաբով: Մի տարի առաջ փառատոնը նշեցինք, որտեղ մասնակցում էին 689 պարող, այս տարի այդ ռեկորդը ավելացրել ենք սահմանելով 738 պարողի: Խնդիրն այն էր, որ այս տարի եղանակը մի քիչ ցուրտ էր և շատ գյուղեր չէին հասցրել պարը որակապես պատրաստել և դրա համար գյուղերի մոտ 40% չկարողացան մասնակցել փառատոնին», – ասաց Աշուղ Ալիք Ջավախքը:
Աշուղն օգտվելով առիթից, իր երախտագիտության խոսքը հայտնեց բոլոր պարուսույցներին, պարողներին, ծնողներին, հանդիսատեսին, որ ներկա էին, չնայած այն հանգամանքին, որ մշակույթի տանը ցուրտ էր, մունիցիպալիտետի ղեկավարությանը, որ իրենց հետ են՝ օգնում և օժանդակում են իրենց, հոգևոր հայրերին և բոլորին:
Միջոցառման մեկնարկը տրվեց Վրաստանի ազգային օրհներգով:
Պարային տարբեր խմբեր ներկայացրին ինչպես հայկական, այնպես էլ վրացական պարեր:
Միջոցառման ավարտին գյուղերի պարական խմբերի պարուսույցները կպարգևատրվեն դիպլոմներով քաղաքապետարանի կողմից:
1982 թվականից ի վեր ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ՝ ապրիլի 29-ին նշվում է Պարի միջազգային օրը, որը ֆրանսիացի հայտնի բալետմայստեր Ժան Ժորժ Նովերի ծննդյան օրն է: Նա հայտնի է որպես բարեփոխիչ և խորեոգրաֆիկ արվեստի տեսաբան, որը պատմության մեջ է մտել որպես «ժամանակակից բալետի հայր»:
Ամեն տարի ապրիլի 29-ին պարող աշխարհը՝ օպերայի և բալետի թատրոնները, ժամանակակից պարային խմբերը և այս ոլորտի այլ պրոֆեսիոնալներ նշում են իրենց մասնագիտական տոնը: