Անգլիայի Առողջապահության ազգային ծառայությունը հայտարարել է, որ երկուշաբթի օրվանից սկսելու է ավելի քան քաղցկեղի 50 տեսակների վաղ հայտնաբերման նոր մեթոդի լայնածավալ փորձարկում: Ակնկալվում է, որ արյան անալիզը կկարողանա պարզել հիվանդության առկայությունը, նախքան անձի առաջին ախտանիշների ի հայտ գալը:
Ուսումնասիրությունը, որը կտևի երկու տարի, կմասնակցեն 50-ից 77 տարեկան 140 000 կամավորներ:
Նրանցից արյան անալիզներ կվերցվեն, այնուհետև նրանք կհրավիրվեն մեկ տարի և երկու տարի հետո կրկնակի անալիզներ հանձնելու նպատակով: Թեստը կկիրառվի միայն սկզբում հավաքված արյան նմուշների կեսի վրա, իսկ մյուս կեսը կստեղծի վերահսկման խումբ` թեստի արդյունավետությունը ստուգելու համար:
«Թեստը կարող է քաղցկեղի ախտորոշման մեջ հեղափոխություն կատարել», – հայտարարել է ծրագրի ղեկավար, Լոնդոնում Քինգի քոլեջի ուռուցքաբանության պրոֆեսոր Պիտեր Սասիենին:
«Մենք եռանդով սկսում ենք աշխատել», – հավելել է նա:
Եթե քաղցկեղը հաջողվում է հայտնաբերվել վաղ փուլում, դա կտրուկ մեծացնում է ուռուցքի բուժման հավանականությունը:
Ներկայումս քաղցկեղը ախտորոշվում է կենսաքիմիական հետազոտության՝ հյուսվածքային մասի հանձնմամբ (բիոպսիա), որը ոչ ոք չի անում առանց ախտանիշների: Նախ, որոշ դեպքերում դա բարդ ընթացակարգ է, հատկապես՝ թոքերի, միզապարկի և շագանակագեղձի քաղցկեղի դեպքում, և երկրորդ՝ հայտնի չէ, թե որտեղ պետք է փնտրել այն:
Նոր մեթոդը հիմնված է արյան բջիջների ԴՆԹ կառուցվածքի վաղ փոփոխությունների հայտնաբերման վրա: Այն ստեղծվել է Grail-ի կողմից, կենսատեխնոլոգիական ստարտափ, որը հիմնադրվել է Սան Ֆրանցիսկոյում 2015 թվականին, հատուկ քաղցկեղի վաղ ախտորոշման մշակման համար: Վերջերս այն 1,7 մլրդ դոլարով գնել է ամերիկյան Illumina Inc. դեղագործական ընկերությունը:
Թեստը հայտնի է որպես Galleri: Միացյալ Նահանգներում այն առաջարկվում է քաղցկեղի բարձր ռիսկի ենթարկված հիվանդներին, մասնավորապես` 50-ից բարձր տարիքի: Այն դեռ հավաստված չէ FDA-ի կողմից, ուստի ապահովագրական ընկերությունների մեծ մասը դրա արժեքը չեն մարում:
«Ամբողջ աշխարհում շարունակվում է արյան անալիզների միջոցով քաղցկեղի ախտորոշման տեխնոլոգիաների որոնումը, սակայն մինչ այժմ դա հետազոտության փուլում էր: Այժմ ես և իմ գործընկերները ձեռնամուխ ենք լինում մանրամասն փորձարկմանը, որը պատմության մեջ ամենամասշտաբայինն է: Նոր մեթոդը հատկապես խոստումնալից է քաղցկեղի ախտորոշման համար, որը երկար ժամանակ հստակ նշաններ և ախտանիշներ չի ցուցաբերում»,- BBC-ին հայտնել է Առողջապահության ազգային ծառայության ուռուցքաբանության տնօրեն Քելլի Պալմերը:
Թոքերի քաղցկեղը Բրիտանիայում ամենատարածված քաղցկեղն է, որը կազմում է բոլոր մահերի 20%-ը: Թոքերի, միզապարկի, շագանակագեղձի և կրծքի չարորակ ուռուցքները միասին կազմում են մահերի 45%-ը:
Աղբյուրը՝ BBC