Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Առողջապահության արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը չորեքշաբթի՝ հունվարի 13-ին, հայտնել էր, որ «COVID-19»-ի համավարակի երկրորդ տարին կարող է ավելի դժվար լինել մարդկության համար, քան առաջինը:
Այս կարծիքը նա արտահայտել է «Twitter»-ում՝ հարցուպատասխանի ժամանակ, հաղորդում է iz.ru-ն:
«Մենք մուտք ենք գործում համավարակի երկրորդ տարի, և դա կարող է էլ ավելի բարդ լինել՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման դինամիկան», – ասել է ԱՀԿ խոսնակը:
Փորձագետի կարծիքով, կորոնավիրուսի դեպքերը կրկին հասել են գագաթնակետին: Միայն վերջին շաբաթվա ընթացքում աշխարհում գրանցվել է շուրջ 5 միլիոն նոր դեպք և ավելի քան 85 հազար մահվան ելք:
Հյուսիսային կիսագնդի երկրներում կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակը Ռայանն որակել է «կատարյալ փոթորիկ»: Նա պարզաբանել է, որ դա պայմանավորված է նրանով, որ այժմ այնտեղ ձմեռ է, և մարդիկ ավելի շատ ժամանակ են անցկացնում փակ տարածքներում, որտեղ վարակի հավանականությունը միշտ ավելի բարձր է, քան փողոցում: Բացի այդ, որոշ երկրներում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում, շրջանառվում են կորոնավիրուսի նոր շտամները:
Ավելի վաղ՝ հունվարի 13-ին, ԱՄՆ-ի Օհայո նահանգում, գիտնականները հայտնաբերել էին «COVID-19»-ի երկու նոր շտամներ, որոնք առաջացել էին ԱՄՆ-ում: Ամերիկացի մասնագետների կարծիքով, շտամներից մեկը նման է Մեծ Բրիտանիայում հայտնաբերվածին: Բացի այդ, նկատվել է մեկ այլ շտամի զարգացումը` երեք գենետիկ մուտացիաներով: