Սյունիքում հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը լիարժեքորեն համապատասխանում է ՀԱՊԿ 2-րդ հոդվածի 2-րդ պարբերությանը, համաձայն որի 1 կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգի կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդակցական մեխանիզմներն իրենց դիրքորոշումը համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստի մեկնարկին։
Ելնելով վերոնշյալից, նա հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ՀԱՊԿ 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդակցությունների մեկնարկի ուղղությամբ և ՀԱՊԿ 2010թ․ դեկտեմբերի 10-ի Ճգնաժամային իրավիճակների արձագանքման կանոնակարգով նախատեսված ընացակարգերի մեկնարկի համար։
Նա նշել է, որ չնայած այս պահին հրաձգության դեպքեր չկան, ՀԱՊԿ ընթացակարգերի արագ ձեռնարկումն անհրաժեշտ է հետագա սրում թույլ չտալու ու ՀՀ տարածքային ամբողջականությունը, կայունությունն ու ինքնիշխանությունն ապահովելու համար։
Փաշինյանը հայտնել է նաև, որ ՀՀ զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում ադրբեջանցիները հեռացել են որոշ տարածքներից, սակայն մոտ 250 ադրբեջանցի շարունակում է գտնվել ՀՀ սահմաններից ներս՝ Սյունիքում ու Գեղարքունիքում։
«Իրադրության խորը և համակողմանի գնահատումն ակնհայտ է դարձնում, որ սադրանքը կարող է ունենալ շատ ավելի ընդարձակ ռազմաքաղաքական նպատակներ՝ հնարավոր է, ադրբեջանցիները սահմաները հատել են ոչ թե տեղային խնդիրներ լուծելու համար, այլ ռազմական բախում սադրելու նպատակով», – ընդգծել է Փաշինյանը։
Որպես հիմնավորում նա նշել է, որ տվյալ տեղանքում գտնվելն ադրբեջանցիները փորձում են բացատրել ակնհայտ կեղծ քարտեզներով, այնինչ ԽՍՀՄ քարտեզները միանշանակ են դարձնում, որ այդ պնդումները ոչևէ հիմք չունեն։ Երկրորդ՝ սադրանքների սկզբի օրը հայտարարվել է մայիսի 16-ին Ադրբեջանում մեկնարկող լայնածավալ զորավարժությունների մասին։ Երրորդ՝ դեռ ապրիլի վերջին այդ երկրի ղեկավար Իլհամ Ալիևը բացահայտ սպառնալիքներ է հնչեցրել ՀՀ հասցեին՝ սպառնալով Նախիջևանի հետ կապ հաստատել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքով։