Ախալքալաքում Օլավերդ գյուղի մի խումբ երիտասարդներ «հարսնացու են առևանգել», հարսնացուի հարազատները բողոք են ներկայացրել ոստիկանություն՝ ազատությունից ապօրինի զրկելու փաստով։ Վրաստանի ՆԳՆ-ն գործ է հարուցել Վրաստանի ՔՕ 143-րդ հոդվածի 3-րդ մասով, որի համաձայն՝ մեղավորներին սպառնում է 7-ից 10 տարի ազատազրկում։
Ախալքալաքում «հարսնացուի առևանգումն» արդեն այնքան էլ հաճախակի երևույթ չէ, որքան նախկինում էր։ Հիմա, իմանալով, որ դրա համար լուրջ պատիժ է սպասվում իրենց, երիտասարդները առևանգում են, եթե վերջիններս վստահ են, որ հարսնացուն իրապես համաձայն է դառնալ առևանգողի կինը։ Սակայն, եթե հարսնացուի հարազատները բողոք ներկայացնեն ոստիկանություն, և աղջիկը նույնպես դեմ լինի առևանգմանը, ապա առևանգողներին սպառնում է մինչև 10 տարի ազատազրկում։ Այս հանցագործությունը քրեական օրենսգրքով սահմանվում է որպես ազատությունից ապօրինի զրկում։ Դե իսկ կոնկրետ այս դեպքում օլավերդցիների կողմից առևանգումը դիտվում է որպես մի խումբ անձանց կողմից նախնական պայմանավորվածությամբ իրականացված ազատությունից ապօրինի զրկում։