Երեկ՝ մարտի 23-ին, քաղաքապետարանի նիստերի դահլիճում, Ախալքալաքի շրջանի դատախազության աշխատակիցները տեղեկատվական հանդիպում անցկացրեցին քաղաքապետարանի, սակրեբուլոյի, ինչպես նաև մունիցիպալ կազմակերպությունների աշխատակիցների հետ։ Հանդիպման թեման էր՝ «Ինչ պետք է իմանալ ֆեմիցիդի և ընտանեկան բռնության մասին»։
Հանդիպումը վարեցին Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանային դատախազ Վասիլ Օսիձեն և դատախազ Գիորգի Օրջոնիկիձեն։
Բռնությունը կանխելու նպատակով, Վրաստանի Գլխավոր դատախազությունը տեղեկատվական հանդիպումներ է անցկացնում, իրազեկելու կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության, ինչպես նաև ֆեմիցիդի (կնասպանություն) մասին, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ իմանան այդ մասին։
«Որպեսզի հնարավորինս շատ մարդիկ իմանան, թե ինչ է հանցագործությունը և ինչ քայլեր ձեռնարկել այդ զանցանքները կանխելու համար: Ընտանեկան բռնությունը տարածված է ողջ Վրաստանում, այդ թվում նաև մեր շրջանում, և դրանց կանխարգելման ու բացահայտման համար անհրաժեշտ է շատ խիստ մոտեցում: Նման հանդիպումներն ոչ միայն կարևոր են, այլ նաև պարտադիր: Բնակչությունը կարող է տեղեկատվություն ստանալ հեռուստատեսությունից, լրատվամիջոցներից և նման հանդիպումների միջոցով»,- ասաց Վասիլ Օսիձեն։
Դատախազները մանրամասն բացատրեցին, թե ինչ է ֆեմիցիդը և ընտանեկան բռնությունը, ինչպես են դրանք պատժվում, ինչպես կանխարգելել և ում հետ կապ հաստատել նման դեպքերում։
«Եթե ամեն ինչ տեղի է ունենում տղամարդու և կնոջ համաձայնությամբ, ապա դա բռնություն չէ, մենք հիմա խոսում ենք այն մասին, երբ գործողությունները տեղի են ունենում պարտադրանքով: Բռնությունը ոչ միայն ֆիզիկական է լինում, այլ նաև ատելության դրսևորմամբ», – ասաց Գիորգի Օրջոնիկիձեն:
Դատախազները նշեցին, որ վերջին տարիներին այս հարցում փոխվել է մոտեցումը, հիմա մարդիկ սկսել են ավելի հաճախ դիմել դատախազություն նման հարցերով։ Նախկինում ևս բռնություններ տեղի էին ունենում, սակայն մարդիկ գերադասում էին լռել։
Ողջ Վրաստանում տարեկան գրանցվում է ընտանեկան բռնության 5000 դեպք, որից 60-65%-ը՝ կանանց նկատմամբ։