Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) միջազգային փորձագետների թիմը բարձր մակարդակի առցանց հանդիպումներ է անցկացրել քաղաքական կուսակցությունների, կառավարության, քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:
Ազգային ժողովրդավարական ինստիտուտի տեղեկության համաձայն՝ հանդիպումները նպատակաուղղված էին Վրաստանի ժողովրդավարական զարգացմանը, եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրմանն աջակցելուն: Միևնույն ժամանակ, միջազգային հանրությունը հույս էր հայտնել, որ ընտրական գործընթացին մասնակցող բոլոր սուբյեկտները կպահպանեն ժողովրդավարական ընտրությունների և քաղաքական գործընթացների բոլոր սկզբունքները:
Թիմը գլխավորում էր ԱՄՆ նախկին պետքարտուղար, NDI-ի վերահսկիչ խորհրդի նախագահ՝ Մադլեն Օլբրայթը, Վերմոնտի նախկին նահանգապետը և NDI-ի խորհրդի անդամ՝ Հովարդ Դինը, NDI-ի նախկին նախագահ Քենեթ Ուոլաքը, ինչպես նաև թիմի այլ անդամների շարքում էին՝ ԱՄՆ Կոնգրեսի և NDI-ի բարձրաստիճան անդամներ:
Ըստ NDI-ի՝ Վրաստանը վերջին երեսուն տարիների ընթացքում զբաղեցրել է առաջատար դիրքեր տարածաշրջանում, ինչն ամրապնդել է ժողովրդավարական բարեփոխումները եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհին:
«Քաղաքացիական հանրության կազմակերպություններն առանցքային և ակտիվ դեր են խաղում քաղաքական գործընթացներում, ինչը ենթադրում է, ի թիվս այլ բաների, ընտրական և քաղաքական գործընթացների անաչառ դիտորդություն: Հատկանշական է, որ NDI-ի հասարակական կարծիքի 2021 թվականի փետրվարի հարցման համաձայն, Վրաստանի բնակչության մեծամասնությունը քաղաքական առաջնորդների համագործակցության և ժողովրդավարական ձգտումների իրականացման հույս ունի», – ասվում է NDI- ի հայտարարության մեջ:
NDI- ը նաև նշում է, որ քաղաքական առճակատումները, որոնք ամբողջովին գրավել են վրացական քաղաքականությունը, սպառնում են 30 տարվա ժողովրդավարական առաջընթացին: