Թբիլիսիում ավարտվել են հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա վրաց պաշտոնակից Իրակլի Ղարիբաշվիլին անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, կարևորվել երկու երկրի ջանքերը խաղաղության և կայունության հաստատման ու ամրապնդման գործում:
Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգային՝ քաղաքական, տնտեսական, առողջապահական, մշակութային և հումանիտար ոլորտներին առնչվող մի շարք հարցեր:
Հաջորդիվ կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հանդիպումը։
Սալոմե Զուրաբիշվիլին ողջունել է Նիկոլ Փաշինյանին Վրաստանի նախագահի նստավայրում և կարևորել Հայաստանի վարչապետի պաշտոնական այցը Վրաստան, ինչը վկայում է երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակի և բազմաոլորտ փոխգործակցությունը զարգացնելու պատրաստակամության մասին։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Վրաստանի նախագահին ջերմ ընդունելության համար և նշել, որ ուրախ է կրկին հանդիպել նրան։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի համար Վրաստանի հետ հարաբերությունները մեծ կարևորություն ունեն թե՛ երկկողմ բարեկամության ամրապնդման, թե՛ տարածաշրջանային կայունության ապահովման համատեքստում։
Զրուցակիցների միջև մտքերի փոխանակություն է ծավալվել հայ-վրացական քաղաքական երկխոսության ամրապնդման, առևտրատնտեսական գործակցության խորացման, հումանիտար կապերի սերտացման շուրջ։ Անդրադարձ է եղել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերին։ Վրաստանի նախագահը և Հայաստանի վարչապետն ընդգծել են հակամարտությունների՝ խաղաղ ճանապարհով կարգավորման կարևորությունը։
Երեկոյան, ի պատիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի անունից կտրվի պաշտոնական ճաշ։