Վրաստանում ԱՄՆ արտակարգ և լիիրավ դեսպան Քելլի Դեգնանը ապատեղեկատվություն է անվանել Ռուսաստանի հայտարարություններն այն մասին, որ ԱՄՆ-ը ցանկանում է երկրորդ ճակատ բացել Վրաստանում։
Պետական պաշտոնյաների կողմից հնչեցված հակաարևմտյան քարոզչության մասին հարցին դիվանագետն ասել է.
«Արդեն 30 տարի է ԱՄՆ-ն աշխատում է Վրաստանին եվրաատլանտյան հասարակությանն ամբողջությամբ ինտեգրելու ուղղությամբ։ Գրեթե այն ամենը, ինչ մենք արել և անում ենք Վրաստանում, կենտրոնացած է վրաց ժողովրդի՝ Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ դառնալու ձգտումների վրա։ Սա այն է, ինչ ցանկանում է վրաց ժողովուրդը, և ԱՄՆ-ն աջակցում է դրան։
Մարդիկ ասում են, որ ԱՄՆ-ն աշխատում է Վրաստանի դեմ կամ Վրաստանին պատերազմի մեջ ներքաշելու, երկրորդ ճակատ բացելու համար։ Սա 100 տոկոսով ռուսական ապատեղեկատվություն է։ Սա բացարձակ սուտ է:
ԱՄՆ-ն ամեն ինչ արեց այս պատերազմը դադարեցնելու համար: Մինչ դրա սկսվելը մենք աշխատում էինք դա կանխելու ուղղությամբ։ Մենք չենք ցանկանում Վրաստանին ներքաշել այս պատերազմի մեջ: Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն ծառայում են խաղաղությանն ու բարգավաճմանը, և դա այն է, ինչ մենք ցանկանում ենք նաև Վրաստանի համար»,- հայտարարել է նա։
Վերջինիս խոսքով, ինքը Վրաստանում չի ճանաչում որևէ մեկին, ով կցանկանար երկիրը ներքաշել պատերազմի մեջ։