Մոտ ժամանակներս Թբիլիսիի Ավճալա թաղամասում կբացվի ապակու և պլաստիկի արտադրության մեկ այլ ձեռնարկություն: Այս մասին ասվում է Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության հայտարարության մեջ:

«Նեո Գլաս» ընկերությունը վրացական շուկայում գործում է 2017 թվականից և հանդիսանում է «Արտադրի՛ր Վրաստանում» պետական ծրագրի շահառուն: Գործարանն ամեն ամիս արտադրում է ութ հազար քառակուսի մետր ապակի և ամբողջությամբ իր արտադրանքը վաճառում է տեղական շուկայում: Ձեռնարկությունում ներդրվել է ավելի քան մեկ միլիոն լարի:

«Ընկերությունը բացում է մեկ այլ ավելի մեծ ձեռնարկություն Ավճալայում՝ «Արտադրի՛ր Վրաստանում» ծրագրի միջոցով, իսկ դա նշանակում է, որ նմանատիպ այլ արդյունաբերությունների հետ մեկտեղ, այս տեսակի արտադրություններն աստիճանաբար իրենց տեղն են հաստատում տեղական շուկայում և փոխարինում ներմուծմանը», – հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան:

Ըստ նրա, ձեռնարկությունը ներմուծման փոխարինման ևս մեկ հաջող օրինակ է հանդիսանում: Գործարանն արտադրում է բարձրորակ արտադրանք և աստիճանաբար փոխարինում է շուկա ներմուծվող ապրանքներին:

Հինգշաբթի օրը Թուրնավան գործարան էր այցելել իր տեղակալ Իրակլի Նադարեիշվիլիի և «Արտադրի՛ր Վրաստանում» գործակալության ղեկավար Միխեիլ Խիդուրելիի հետ միասին:

Ընկերությունն օգտվել է ծրագրի բանկային վարկի տոկոսը համաֆինանսավորելու բաղկացուցիչ մասից և ընկերության համար ձեռք է բերել նորագույն սարքավորում:

Գործարանը կառուցված է մի հողամասի վրա, որը ընկերությունը ձեռք է բերել խորհրդանշական գնով՝ Գույքի ազգային գործակալության աջակցությամբ:

Այս փուլում ընկերությունում աշխատում է շուրջ 50 մարդ, առաջիկայում նախատեսվում է ընդլայնել անձնակազմային հաստիքները:

«Արտադրի՛ր Վրաստանում» պետծրագիրը Վրաստանի կառավարության ամենահաջողված նախագծերից մեկն է, որն ուղղված է երկրում տեղական արտադրության խթանմանը: Գործակալությունը միավորում է կառավարության բոլոր ծրագրերը, որոնք ուղղված են բիզնեսի ոլորտի խթանմանը և երկրի տնտեսական զարգացմանը: