Վրաստանում շարունակում են գործել տարբեր երկրներում քաղաքացիների ժամանակավոր աշխատանքի տեղավորման ծրագրերը, մասնավորապես, Գերմանիայից հետո համապատասխան պայմանագիր է ստորագրվել Բուլղարիայի հետ։

Բացի այդ, նմանատիպ պայմանագիր է գործում Իսրայելի հետ, որը նախատեսում է հոսփիսներում ժամանակավոր աշխատանքի հնարավորություն է նախատեսում՝ որպես հիմնական աշխատակիցների օգնականներ։ Ընդ որում, զբաղվածությունը հնարավոր է միայն մեկ տարի ժամկետով, որից հետո սեզոնային աշխատողը պետք է լքի Իսրայելը։

Չնայած նման համաձայնագրի առկայությանը, այն գործնականում չի գործում՝ համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2021 թվականի ապրիլի 12-ին, սակայն մինչ այժմ ոչ մի մարդ աշխատանքի չի ընդունվել։ Ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել 125 մարդ, սակայն նրանցից ոչ մեկը չի բավարարել իսրայելական կողմի պահանջներին։

Արհմիության ղեկավար Իրակլի Ամիրանաշվիլիի խոսքով՝ առաջարկվող պաշտոնների նկատմամբ հետաքրքրությունն այնքան էլ մեծ չէ։

«Իսրայելի կողմից հայտարարած թափուր աշխատատեղերը հիմնականում վերաբերում են բժշկական ոլորտի մասնագետներին։ Դիմորդները շատ չեն, մանավանդ որ դիմում ներկայացրածները այդպես էլ աշխատանքի չեն ընդունվել։ Ընդհանուր առմամբ, չնայած այն հանգամանքին, որ Վրաստանն ու Իսրայելն ունեն առանց վիզայի ռեժիմ, այնտեղ հասնելը շատ դժվար է։ Պատահում է, որ ամբողջ օդանավը՝ բոլոր ուղեւորներով, հետ է ուղարկվում։ Բժիշկների համար ավելի քիչ խնդիրներ են առաջանում, բայց այլ մասնագիտությունների տեր մարդկանց համար շատ ավելի բարդ է»,- հայտարարել է նա։

Նրա խոսքով, Իսրայելում զբաղվածությունը մեծ նշանակություն ունի ինչպես աշխատավարձի, այնպես էլ փորձի առումով, որը կարելի է ձեռք բերել այս երկրում մեկ տարի աշխատելով։

«Եթե նույնիսկ մի քանի հոգի կարողանան աշխատանք գտնել Իսրայելի առողջապահության ոլորտում, դա շատ լավ փորձ և օրինակ կլինի մյուսների համար, հատկապես կրտսեր անձնակազմի համար: Պետք է հասկանալ, որ Իսրայելը աշխատանքի շատ բարձր մշակույթ ունեցող երկիր է, որն ինքնին հետաքրքրություն է ներկայացնում Վրաստանի համար»,- ասում է Իրակլի Ամիրանաշվիլին։