Ամանորին ընդառաջ Ախալքալաքի Գեղարվեստի դպրոցում բացվեց Էջմիածնի նկարիչների նկարչական ցուցահանդեսը:
Դեկտեմբերի 28-ին Ախալքալաքի Գեղարվեստի դպրոցում բացվեց Էջմիածնի նկարիչների ցուցահանդեսը, ուր ներկայացված են 18 հայ նկարիչների շուրջ 30-ից ավել կտավներ:
Ցուցահանդեսը Ջավախք է հասել Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդության փոխանորդի և Ախալքալաքի ու Կումուրդոյի միտրոպոլիտի հրավերով: Իսկ նախաձեռնության հեղինակը Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն է: Ցուցահանդեսը հոկտեմբերին հյուրընկալվել է Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում, նոյեմբերին՝ Ախալցիխեում, և վերջապես դեկտեմբերի վերջին այն հասավ Ախալքալաք:
Ցուցահանդեսին շնորհակալական և բացման խոսքերով հանդես եկան՝ Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդության փոխանորդ Տեր Բաբգէն վրդ Սալբիյանը, Ախալքալաքի ու Կումուրդոյի միտրոպոլիտ Նիկոլոզ Փաճուաշվիլին, Էջմիածնի փոխքաղաքապետ Նորայր Մուրադյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը, Ախալքալաքի Գեղարվեստի դպրոցի տնօրեն Կառլեն Կարապետյանը և այլք:
Վերջիններս իրենց խոսքում կարևորեցին Ախալքալաքում նմանատիպ ցուցահանդեսների անցկացումը: Հույս հայտնեցին, որ սա շարունակական կլինի և ամռանը ևս հայ նկարիչների ցուցահանդես կբացվի Ջավախքում:
Նկարչական այս ցուցահանդեսը բաց է այցելուների համար մինչև 2016 թվականի հունվարի 15-ը:
Աղունիկ Այվազյան