Հինն ու նորը` Ախալքալաքի շրջանի Արագվա գյուղում: Այստեղ դեռ գործում է հին ջրաղաց, սակայն այն վաղուց փոխարինելու է եկել մեխանիզացված ալրաղացը, որն իր վրա է վերցրել արտադրության 90%-ը:
Արագվա գյուղի ժամանակակից ալրաղացը գործում է արդեն 15 տարի: Այն կարող է օրական աղալ մինչև 25 տոննա հացահատիկ, սակայն այժմ, քանի որ պահանջարկը նվազել է, արտադրությունն ամբողջ ծանրաբեռնվածությամբ չի աշխատում:
«Սա այդ շրջանում ամենամեծ ալրաղացն է: Մարդիկ ցորենը բերում են, մենք կշռում ենք պահեստում, գնահատում հացահատիկի որակը և, դրանից ելնելով՝ հաշվարկում, թե որքան ալյուր կարող ենք ստանալ հացահատկից: Լավ ցորենից ստացվում է 70% ալյուրի», – մեկնաբանում է ալրաղացի աշխատակից Ռուբեն Յալախանյանը: Բացի սեփականատիրոջից, ալրաղացն ունի ևս 2 աշխատակից:
Արտադրության արդյունքում ստացվում է 4 կարգի ալյուր` բարձր, առաջին, երկրորդ կարգի և թեփ: Թեփն օգտագործվում է որպես անասնակեր, առաջին և բարձր կարգի ալյուրն օգտագործվում է մարդու սպառման, երկրորդ կարգի ալյուրը հարմար է սև հաց թխելու համար:
Ըստ ալրաղացի սեփականատիրոջ` պահանջարկի նվազումը պայմանավորված է գյուղից բնակչության արտահոսքի հետ: Երբ արտադրությունը նոր էր բացվել, կար մեկ ջրաղաց, որը 8 տոննա ալյուր էր աղում, բայց դրա հզորությունը չէր բավականացնում, և սեփականատերերը գնեցին երկրորդը, որը օրական 15 տոննա հացահատիկ է մշակում: Այս պահին աշխատում է միայն մեկը: Այդուհանդերձ, իրենց հացահատիկը ալրաղաց են բերում ինչպես Ախալքալաքի, այնպես էլ Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչները: Արտադրողները նաև համագործակցում են թոնրատների հետ:
«Շրջանում այլ նման արտադրամասեր չկան: Տեխնիկապես, ալրաղացն ունի ցորենից երկրորդ կարգի ալյուրը առանձնացնելու ունակություն, ուստի առաջին և բարձր կարգի ալյուրը դառնում է ավելի որակյալ: Ալրաղացն ունի հացահատիկի լվացման մեքենա, քանի որ բնակիչները սովորաբար չմշակված հացահատիկ են բերում», – ասում է ալրաղացի սեփականատեր Սպարտակ Յալախանյանը:
Ժամանակակից արտադրությունից ոչ հեռու, գետի մոտակայքում տեղակայված է գեղեցիկ տեսարանով հին ջրաղացը, որը գործում է ցայսօր: Այստեղ արտադրվում է միայն անասնակեր, ինչպես նաև մշակվում է կորկոտ և փոխինդ: Արագվա գյուղի ալրաղացը Ջավախքում պահպանված այն սակավաթիվ հին կառույցներից է, որոնք հնության ու ավանդույթների մասին են հիշեցնում:
Ջրի ճնշման բարձրացման ամբարտակը գտնվում է ջրաղացից 400-500 մետր բարձրության վրա: Ժայռից ջրի հոսքը փակվում է և անհրաժեշտության դեպքում ուղղվում դեպի ջրաղաց: Մինչև 1965 թվականը այստեղ կար հիդրոէլեկտրակայան, որն էլեկտրաէներգիա էր մատակարարում երեք գյուղերի:
Այստեղ կար հին ջրաղաց, այնուհետ՝ 1982 թվականին, գյուղի բնակիչ Ղազարոս Հունանյանը վերականգնեց այն և այս վայրում կառուցեց նորը: Այժմ այդ ջրաղացը մասնավոր սեփականություն է հանդիսանում:
Ջրաղացում «արտադրության» մասշտաբները անհամեմատելի են ժամանակակից ալրաղացի հետ: Այստեղ վերամշակված հացահատիկի քանակը հաշվարկվում է ոչ թե տոննաներով, այլ կիլոգրամներով` օրական 200-300 կգ: Ջրաղացը մեկ պարկ ալյուրը աղում է 4 ժամում:
«Նախկինում ջրաղացը օրական 2-3 տոննա էր աղում, բայց էլեկտրական ալրաղացների հայտնվելուն պես մարդիկ սկսեցին նախընտրել դրանք, մարդկանց պետք է արագ աղալ իրենց հացահատիկը, նրանց կարելի է հասկանալ»,- ասում է ջրաղացի սեփականատեր Սեյրան Փիլթակյանը:
Ջրաղացի ներսում կա երկու քար և մեկ ձեռքի աղորիք: Քարերից մեկը` 20-րդ դարի կեսերից է պահպանվել: Այն արդեն մաշվել է և դանդաղ է աշխատում, երկրորդը` մոտ 8 տարեկան է:
«Ես 100 կգ-ն աղալու համար վերցնում եմ 5 լարի: Շատերը չեն կարողանում վճարել և խնդրում են պարտքով աղալ: Բայց ինչ արած, ավելի լավ է այսպես, քան ոչինչ: Ես առողջություն չունեմ, որ գնամ խոպան», – ասում է Սեյրանը:
Հացահատիկ աղալու գործընթացը երկարատև զարգացում է ապրել՝ սկսած քարե հավանգից, այնուհետև ջրաղացն է ստեղծվել, ապա հողմաղացը, իսկ հիմա էլ գործածվում են ժամանակակից, մեխանիզացված ալրաղացները:
Ամալյա Բաբայան