Ախալքալաքում կարտոֆիլի ցանքսի սեզոնը սկսվել է ուշացումով:

Kartofil

Գյուղի զարգացման և գյուղատնտեսության գործակալության Տեղեկա-խորհրդատվական կենտրոնի տվյալներով՝ 2021 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետի 10 178 հա հողատարածքի վրա կարտոֆիլ է ցանվել։ Որքա՞ն կցանվի այս տարի, դեռ հայտնի չէ, քանի որ ցանքսի շրջանը նոր է սկսվում։ Այս պահին հողատարածքները հիմնականում խոշոր ֆերմերներն են պատրաստում ցանքի։

Այս տարի Ջավախքում ցանքսն ուշացավ, եղանակային պայմանները անբարենպաստ էին, դեռ 14 օր առաջ Ախալքալաքում ձյուն էր տեղում, և սառնամանիք էր, օդի ճերմաստիճանը հասնում էր ընդհուպ մինչև -14 աստիճանի։ Լեռներում տեղացած ձյունը դեռ ամբողջությամբ չի հալվել, ձյան ու նոր աճած խոտի համադրությունն այնպիսի տպավորություն է ստեղծում, որ կարծես Ալպերում լինես։

Hox

Չամդուրա գյուղը համարվում է այն գյուղերից, որտեղ բնակիչները հիմնականում լրջորեն զբաղվում են կարտոֆիլագործությամբ։ Այս գյուղի բնակիչներն առաջիններից էին, որ սկսեցին նախապատրաստվել ցանքսին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այստեղ հիմնական զբաղմունքը կարտոֆիլագործությունն է ու եկամտի հիմնական աղբյուրը նույնպես դրանից են ստանում՝ աշխատանքները հիմնականում իրականացվում են տեխնիկայով։ Նույնիսկ այս դյուրացուցիչ հանգամանքները չեն հեշտացնում կիզիչ արևի տակ, դաշտերում կատարվող աշխատանքը: Ֆերմերներն ասում են, որ պետք է շտապել, առաջիկայում անձրեւներ են սպասվում:

«Որքան հնարավոր լինի, որքան եղանակը թույլ տա, մենք դաշտերում կաշխատենք: Անձրեւների սեզոն է, բայց կարտոֆիլը պետք է ժամանակին ցանել»,- ասում է ֆերմեր Հովիկ Մուրադյանը։

kartofil 2

Posev 10

Նա իր որդիների հետ արդեն սկսել է աշխատել դաշտում։ Ըստ նրա՝ այս տարածամասում հողը բերրի է՝ սեւահող է, թեեւ իրենց գյուղի բնակիչները չեն սահմանափակվել միայն իրենց գյուղի տարածքով, այլ նաեւ վարձակալել են Հայաստանին սահմանակից գյուղերի հողամասերը։ Չամդուրայի բնակիչներն իրենց ուժերով ոռոգման պայմաններ են ստեղծել, ջուր են անցկացրել, արհեստական լիճ ստեղծել։

Չնայած դրան, ֆերմերները պնդում են, որ կարտոֆիլագործության մեջ շատ խնդիրներ կան։ Վերջիններիս խոսքով՝ ամեն ինչ թանկացել է, պարարտանյութից ու դիզվառելիքից սկսած ընդհուպ մինչև տրակտորների համար ավտոպահեստամասերը։

«Կարտոֆիլը չի թանկացել, բայց մնացած ամեն ինչն արդեն թանկացել է, հիմա կարտոֆիլը 1,10-1,20 լարի է: Վերջին ցանքից մեզ մոտ կարտոֆիլ է մնացել: Մենք խնդրանք ունենք: Ամենակարևորը, որ պետությունը ուշադրություն դարձնի գյուղատնտեսությանը։ Թող կառավարությունը վերահսկի պարարտանյութի, վառելանյութի՝ դիզվառելիքի, բենզինի գները: Մեր գործը լավն է, բայց մեզ ձեռնտու չէ, որ տրակտորների պահեստամասերը թանկացել են, մեքենաների յուղը թանկացել է, ամեն ինչ թանկացել է 100%-ով: Թանկացել է ամեն բան, ինչ անհրաժեշտ է տեխնիկայի համար: Աշխատուժը նույնպես թանկացել է, բայց նրանց էլ չես կարող մեղադրել, նրանք էլ պետք է մի բանով ապրեն»,- ասում է Սուրեն Այվազյանը։

Pole 3

Kartofel 9

Ֆերմերներն ասում են, որ պետության կողմից աջակցություն չեն զգում, այդ թվում՝ իրենց աճեցրած արտադրանքը զորքին և քրեակատարողական ծառայությանը վաճառելու հարցում։

«Լավ կլիներ, որ գինը սահմանվեր մեր ծախսերը հաշվի առնելով, 2 կոպեկ եկամուտ տային մեզ, մեր աշխատանքի գինը, որոշակի քանակությամբ կարտոֆիլ գնեին, բայց այդպես չեն անում»,- ասում է Չամդուրայի բնակիչներից մեկը։

oroshenie

Ֆերմերների համար կարտոֆիլագործությունը պտուտախաղ է, որտեղ կարելի է ինչպես հաղթել, այնպես էլ՝ պարտվել:

Քրիստինե Մարաբյան