3 երիտասարդ Խավեթ գյուղից եկել են Ախալքալաքի շրջանի Բավրա գյուղ սեզոնային աշխատանքների, նրանց հիմնական «գործիքը» ձին է, նրանք ձիով բուկլից են անում բավրացիների կարտոֆիլի ցանքատարածությունները:

04
Ախալքալաքի շրջանում կարտոֆիլի մշակաբույսը կոկոնավորվել է, մարդիկ շտապում են բուկլից անել, այսինքն դաշտը պատրաստել ոռոգման համար: Բավրայում հիմնականում գերադասում են ձիով կատարել այդ աշխատանքները: Իմանալով դա, Հովսեփը, Սուրենը և Արթուրը արդեն մեկ շաբաթ է, ինչ Բավրա գյուղում ձիերով բուկլից են անում կարտոֆիլի դաշտերը:

02
Առավոտյան 7-ին, երբ դրսում դեռ մթնշաղ է, երիտասարդները արթնանում են, պատրաստվում րոպե առաջ դաշտ հասնել և աշխատում մինչև մութ: Նրանցից յուրաքանչյուրը հստակ գիտի իր անելիքը՝ մեկը առավոտյան սուրճն է եփում, մյուսը ձիերին պատրաստում, իսկ երրորդը՝ գութանն տնտղում:

07

Տղաները նշում են՝ եթե եղանակը չխանգարի, այսինքն անձրև չգա, օրական 2 հա դաշտ բուկլից կանեն, բայց միջինը անում են 1-1,5 հա: Նրանք չեն դժգոհում, կարևորն աշխատանք ունեն:

03

«Հեշտ չէ, ամբողջ օրը՝ առավոտից մինչև իրիկուն ձիուն համընթաց քայլի, խոփը պահի, արևի ու անձրևի տակ: Բոլորը ասում են մի քանի օրվա մեջ մեծ գումարներ եք աշխատում, բայց ով ամբողջ օրը աշխատի, որ փող չստանա: Գյուղից գյուղ եկել ենք, տուն-տեղ ամեն ինչ թողել, որ մի քանի կոպեկ վաստակենք: Ուրիշի տանն ենք մնում, ուտելիքի փող ենք տալիս, ծխախոտ գնում, տակը բան չի մնում», – ասաց Արթուրը:

05

Ձիով բուկլիցն արժի 1,5 լարի, իսկ տրակտորով՝ 2,5 լարի: Գյուղացիները նախապատվությունը տալիս են ձիով մշակելուն, քանի որ այն ավելի էժան է և անվնաս:

06

«Ձիով ավելի էժան է: Կարտոֆիլի արտում կոշտակներ չեն մնում և ոռոգման ժամանակ դժվարություն չի առաջանա, հողը երկար է խոնավությունն իր մեջ պահում: Տրակտորով չեմ անում, որովհետև իմ արտը մեծ չէ և 0,14 հա-ի համար տեխնիկան չի մտնի դաշտ, համ էլ տեխնիկան տարածք չունի տեղաշարժվելու, ավելորդ տեղը կարտոֆիլը կջարդի», – ասաց Բավրայի բնակիչ Հակոբ Ասլանյանը:

09

Երեկոյան, երբ տուն են վերադառնում Սուրենն ու Հովսեփը ձիերին տանում են գետափ ու այնտեղ «չախում» կամ որ նույնն է կապում:

010

Ազատ ժամանակ Արթուրն ու Սուրենը նալում են պատահական անցորդներից մեկի ձին: Ձիու նալը առհասարակ փոխում են այն ժամանակ, երբ եղածն արդեն մաշվում է, մեխերը դուրս են գալիս, իսկ կենդանին դժվարությամբ է քայլում:

08

Շուտով Հովսեփը, Սուրենը և Արթուրը Բավրայում աշխատանքը կվերջացնեն ու տուն կվերադառնան, այստեղ վաստակած գումարով նրանք կհոգան իրենց ընտանիքի հոգսերը, մինչև նորից իրենց աշխատանքի պահանջարկ առաջանա:

011

Լավրենտ Ասլանյան