Եկել է ժամանակը, որ Վրաստանի կառավարությունը ցույց տա իր հավատարմությունը ԵՄ-ի հետ համաձայնագրերին: Այս մասին Twitter-ում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:
Նա գրառմանը կից լուսանկար է հրապարակել Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից, որը տեղի էր ունեցել երեկ, Կիևում՝ ոչ պաշտոնական պայմաններում:
«Ես վարչապետ Ղարիբաշվիլիի հետ զրույցում շեշտեցի, որ բարեփոխումներն անհրաժեշտ են հիմա, ավելի քան երբևէ: Մակրոֆինանսական օգնության վերջնաժամկետը մոտենում է, և եկել է ժամանակը, որ Վրաստանի կառավարությունը ցույց տա իր հավատարմությունը համաձայնագրերին և, մասնավորապես, բարեփոխումների ծրագրին», – գրել է Միշելը:
Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին «Վրացական երազանք»-ը չեղյալ հայտարարեց Միշելի անմիջական մասնակցությամբ կնքված փոխզիջումային համաձայնագիրը: Իշխանությունները հայտարարեցին, որ փաստաթուղթը սպառել է իրեն, որին հաջորդեց տեղի ընդդիմության և արևմտյան գործընկերների կոշտ քննադատությունը: Միևնույն ժամանակ, Եվրամիությունից շեշտեցին, որ իրենք մտադիր են վերանայել մակրոֆինանսական աջակցության փաթեթը, որը պետք է հատկացվի Վրաստանին՝ COVID-ճգնաժամի ընթացքում տնտեսությանն աջակցելու նպատակով:
Միշելի փաստաթուղթը նախատեսում էր մի շարք հիմնարար փոփոխություններ, այդ թվում՝ առաջիկա ընտրություններում «Վրացական երազանքի» համար 43 տոկոս ընտրաշեմ սահմանելը: Այն դեպքում, եթե կուսակցությունը դա չհաղթահարեր, ապա 2022 թվականին պետք է նշանակվեին արտահերթ ընտրություններ: