Վրաստանում կանոնավոր ավիաչվերթների սահմանափակումներն այսօրվանից վերացվում են: Համապատասխան որոշումը կայացվել էր մի քանի օր առաջ՝ Միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից:
Ըստ Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի՝ չվերթները շատ կարևոր տարր են հանդիսանում երկրի զարգացման տեսանկյունից, այդ թվում նաև՝ տուրիզմի:
«Մենք հնարավոր համարեցինք փետրվարի 1-ից հանել կանոնավոր չվերթների սահմանափակումները: Այսօր Վրաստանում գործող բոլոր ավիաընկերությունները, ինչպես նաև վրացական շուկա մուտք գործել ցանկացող նոր ավիաընկերությունները կկարողանան որոշակի հաճախականությամբ պլանավորել և իրականացնել կանոնավոր ավիաչվերթներ: Իհարկե, դա արվելու է բոլոր բժշկական հանձնարարականները և անվտանգության կանոնները պահպանելով: Աշխարհի շատ ավիաընկերություններ դա արդեն անում են հիմա, այնպես որ դա իրենց հավելյալ վտանգ չի ներկայացնի», – հայտարարել է Թուրնավան:
Ըստ օդային սահմանը հատելու նոր ռեժիմի, այսօրվանից՝ փետրվարի 1-ից, Վրաստանի քաղաքացիներն իրավունք կունենան ընտրություն կատարել՝ երկիր մուտք գործել ՊՇՌ (PCR) թեստի բացասական արդյունքի պատասխանը ներկայացնելով և անցնելով ութօրյա ինքնամեկուսացում, թե ինքնամեկուսացման փոխարեն, երրորդ օրը սեփական միջոցներով ևս մեկ PCR թեստ անցնելով: Վրաստանի այն քաղաքացիների համար, ովքեր օդային սահմանով մուտք գործելիս չունեն բացասական PCR թեստի արդյունք, նրանց համար ներկայումս գործող ինքնամեկուսացման 12-օրյա ժամկետը կրճատվում է` դառնալով ութ օր:
Ինչ վերաբերում է օտարերկրյա այցելուներին, ապա նրանք կկարողանան անվերապահորեն մուտք գործել Վրաստան, եթե սահմանին ներկայացնեն փաստաթուղթ, որը հաստատում է, որ նրանք ստացել են կորոնավիրուսի ցանկացած պատվաստանյութի ամբողջական կուրսը (երկու լրիվ դեղաչափ):
Եվրոպական Միության, Իսրայելի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Բահրեյնի բնակիչներ կամ քաղաքացիներ հանդիսացող չպատվաստված այցելուների համար հանվում է ինքնամեկուսացման պարտավորությունը: Այս երկրներից Վրաստան մուտք գործելու դեպքում, այդ թվում՝ տարանցիկ ճանապարհով, քաղաքացիները կամ բնակիչները պետք է 72 ժամ առաջ կատարված PCR թեստի բացասական պատասխանը ներկայացնեն և երկիր մուտք գործելուց հետո երրորդ օրը պետք է իրենց հաշվին հանձնեն պարտադիր PCR թեստ: