Վրաստանի 6 քաղաքացի, որոնք գտնվում էին Աֆղանստանում, հունգարական ինքնաթիռով վերադարձել են հայրենիք: Վրաստանի քաղաքացիների վերադարձը հայրենիք հնարավոր է դարձել հունգարական և վրացական կողմերի համատեղ և ակտիվ աշխատանքի արդյունքում:
Օդանավակայանում Վրաստանի քաղաքացիներին դիմավորել են կառավարության աշխատակազմի ղեկավար Իլյա Դարչիաշվիլին և փոխարտգործնախարար Ալեքսանդե Խվթիսիաշվիլին:
Կառավարության վարչակազմի ղեկավարի խոսքով, վարչապետի վարչակազմը և ԱԳՆ-ն շարունակում են ակտիվորեն աշխատել Աֆղանստանում մնացած Վրաստանի մյուս քաղաքացիների տարհանման հարցի շուրջ:
«Ինչպես գիտեք, Աֆղանստանում ընթացող իրադարձություններից ելնելով իրավիճակն անկանխատեսելի է դարձել, ինչը անհրաժեշտություն առաջացրեց մեր քաղաքացիներին ժամանակին տարհանել դեպի հայրենիք: Գործընթացը շարունակվում է, քանի որ մեր քաղաքացիների մի խումբ դեռևս գտնվում է Աֆղանստանում, համապատասխանաբար, վարչապետի վարչակազմը ակտիվորեն աշխատում է բոլոր գերատեսչությունների և միջազգային գործընկերների հետ` լրացուցիչ չվերթներ կազմակերպելու ուղղությամբ, որոնց միջոցով հնարավոր կլինի մեր քաղաքացիներն առաջիկայում ապահով վերադարձնել հայրենիք», – ասել է Իլյա Դարչիաշվիլին:
Վրաստանի քաղաքացիները Աֆղանստանում աշխատում էին ամերիկյան ընկերությունում` մասնավոր պայմանագրով: