Վերջին երեք օրերի ընթացքում Վրաստանում տուգանվել է 23 հաստատություն՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար գործող կանոնները չպահպանելու համար: Այս մասին հայտնում է Վրաստանի առողջապահության նախարարությանը կից Աշխատանքի տեսչական ծառայությունը:

«Ստուգվել է մի քանի հարյուր օբյեկտ, որոնցից 23-ը տուգանվել են: Դրանք, մասնավորապես, 11 իրավաբանական և 12 ֆիզիկական անձինք են», – ճեպազրույցի ժամանակ հայտնել է Աշխատանքային պայմանների ստուգման վարչության պետ Բեքա Փերաձեն:

Նրա խոսքով, մի քանի օբյեկտներ, որոնք շարունակել են իրենց արգելված գործունեությունը, չնայած տուգանքներին, փակվել են: Միաժամանակ, Փերաձեն նշել է, որ ստուգումների ժամանակ տեսուչները բիզնես սուբյեկտներին տեղեկացնում են պարտադիր կատարման ենթակա կանոնների մասին:

Վրաստանն այժմ գտնվում է կորոնավիրուսային չորրորդ ալիքի գագաթնակետում: Երկուշաբթի օրը իշխանությունները հայտարարել էին նոր սահմանափակումների մասին: Օգոստոսի 10-ից երկրում կրկին պարտադիր է դարձել դիմակ կրելը ոչ միայն փակ, այլև բաց տարածքներում՝ ավելի քան հինգ հոգու ներկայության դեպքում: Հարսանիքների, հոգեհացերի, տարեդարձերի և նմանատիպ այլ միջոցառումների, ինչպես նաև գիշերային ակումբների ու ռեստորանների աշխատանքի արգելքը սկսել են վերահսկել ավելի խիստ:

Աշխատանքի տեսչությունը զուգահեռաբար բնակչությանը տեղեկացրել է մոնիտորինգի խստացման մասին: Ծառայությունից վստահեցրին, որ խախտումներ հայտնաբերելու դեպքում կիրականացվեն օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները: Մարդաշատ միջոցառում կազմակերպած ֆիզիկական անձինք կտուգանվեն 2 հազար լարիով, իսկ իրավաբանական անձինք՝ 10 հազար լարիով: Խիստ անհամապատասխանության դեպքում տեսուչները կարող են փակել ռեստորանը կամ գիշերային ակումբը: