ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վրաստանում արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում առաջադրել է Ռոբին Դաննիգանի թեկնածությունը, – հայտնում է Սպիտակ տունը։
Վրաստանում ԱՄՆ ներկայիս դեսպանը Քելի Դեգնանն է, նա այդ պաշտոնը զբաղեցնում է 2020 թվականից։
Ռոբին Դաննիգանը ներկայումս Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալն է Եվրոպական և Եվրասիայի հարցերով բյուրոյում:
Մինչ այդ նա զբաղեցրել է Ավստրիայում ԱՄՆ հատուկ դեսպանի գործերի ժամանակավոր հավատարմատարի և փոխդեսպանի պաշտոնը։ Տարիների ընթացքում նա եղել է էներգետիկ ռեսուրսների բյուրոյի քարտուղարի օգնականի տեղակալ, աշխատել է Վիետնամում, Չիլիում, Թուրքիայում, Կուբայում և Էլ Սալվադորում՝ ԱՄՆ դեսպանատներում:
Ծնունդով Կալիֆորնիայից է: Սովորել է Ազգային զինվորական քոլեջում, Ջորջթաունի համալսարանում և Կալիֆորնիայի համալսարանում: Նա Պետդեպարտամենտի բազմաթիվ մրցանակների դափնեկիր է։ Խոսում է իսպաներեն և գերմաներեն: