Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել ցանկացողները նախընտրում են Pfizer ամերիկյան ընկերության կողմից գերմանական գործընկեր «BioNTech»-ի հետ համագործակցությամբ մշակված դեղորայքը: Այս մասին վկայում է Առողջապահության նախարարության պաշտոնական վիճակագրությունը:
Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ մշակված բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության պատվաստանյութով բուժաշխատողների պատվաստումը Վրաստանում սկսվել է մարտի 15-ին: Ներկայումս պատվաստվում են նաև 65-ից բարձր մարդիկ: Մարտի 25-ից սկսած՝ քաղաքացիները հնարավորություն ունեն ընտրություն կատարել AstraZeneca և Pfizer պատվաստանյութերի միջև:
Մոտ մեկ օրում մոտ 6,1 հազար մարդ է գրանցվել Pfizer պատվաստանյութով կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար: Համեմատության համար՝ մարտի կեսերից մինչ օրս Վրաստանում Օքսֆորդի պատվաստանյութի համար գրանցվել է մոտ հինգ հազար մարդ:
«Այսօր արդեն գրանցվել է ավելի քան տաս հազար մարդ: Այս ակտիվության պատճառը ոչ միայն այն փաստն է, որ կա Pfizer պատվաստանյութը, որպես այս ծրագրի ընտրության տարբերակներից մեկը, այլ նաև այն փաստը, որ բաց է 65 տարեկանից բարձր անձանց համար գրանցումը», – հայտարարել է Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան Առաջին ալիքի եթերում:
Նա նշել է, որ, չնայած ծրագրի ընդլայնմանը, քաղաքացիների ակտիվությունը շարունակում է մնալ ցածր: Ինչպես նշում են փորձագետները, որպեսզի պատվաստումն արդյունք տա, 2021 թվականին Վրաստանը պետք է պատվաստի երկրի չափահաս բնակչության մինչև 65%-ին, կամ 1,6 միլիոն մարդու:
Վերջին տվյալների համաձայն, Վրաստանում AstraZeneca-ով պատվաստվել է ավելի քան 4,1 հազար բուժաշխատող: Pfizer-ով պատվաստումը երկրում կսկսվի մարտի 30-ին: Առողջապահության նախարարության հատուկ պորտալում շարունակվում է պատվաստվել ցանկացողների` կլինիկաների աշխատակիցների և 65-ից բարձր անձանց գրանցումը: