Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ Եվրահանձնաժողովը քաղաքական որոշում է կայացրել՝ առաջարկելով Ուկրաինային և Մոլդովային թեկնածուի կարգավիճակ տալ, իսկ Վրաստանին՝ մերժել դրանում։
«Միևնույն ժամանակ, մենք ուրախ ենք, որ Եվրահանձնաժողովը պաշտոնապես ճանաչել է մեր հեռանկարը և առաջարկել թեկնածուի կարգավիճակ ստանալու կոնկրետ ուղեցույց», – ասել է Կոբախիձեն ճեպազրույցում:
Ուրբաթ օրը Եվրահանձնաժողովը խորհուրդ էր տվել սպասել Վրաստանի համար ԵՄ թեկնածուի կարգավիճակին՝ «նախ տեսնելու համար, թե ինչպես է նա կատարում հանձնարարականները»։ Ուկրաինան և Մոլդովան ստանում են թեկնածուի կարգավիճակ, իսկ դրանից հետո պետք է շարունակեն բարեփոխումները։
Դիմելով Վրաստանին՝ Եվրահանձնաժողովն ընդգծել է, որ հաստատում է նրա եվրոպական հեռանկարը, և թեկնածուի կարգավիճակ ստանալու ժամկետը կախված է հենց երկրից։ Վրաստանին առաջարկվել է լուծել խնդիրների ցանկը, որպեսզի Եվրահանձնաժողովը կարողանա վերադառնալ իր կարգավիճակի մասին հարցի քննարկմանը։
Իշխող կուսակցության առաջնորդը հայտարարել է, որ Վրաստանը «երկար տարիներ է սպասել» և բոլոր առումներով առաջ է թե՛ Ուկրաինայից, թե՛ Մոլդովայից։ Նա թվարկել է չափանիշները՝ ժողովրդավարություն, օրենքի գերակայություն, մարդու իրավունքների պաշտպանություն, կոռուպցիայի դեմ պայքար, Եվրամիության հետ առեւտրատնտեսական հարաբերություններ։
Կոբախիձեն պնդել է, որ Եվրահանձնաժողովն առաջնորդվել է ոչ թե այս չափանիշներով, այլ կոնկրետ իրավիճակով, որում հայտնվել են Ուկրաինան և Մոլդովան և, կարգավիճակ տալով, որոշել են այս կերպ աջակցել նրանց։
«Այսօր մենք լսեցինք եվրոպացի առաջնորդներից մեկի հայտարարությունն այն մասին, որ նորմալ պայմաններում Ուկրաինան չէր ստանա թեկնածուի կարգավիճակ, այլ կարգավիճակ կստանար պատերազմի պատճառով»,- հայտարարել է Կոբախիձեն։
Վերջինիս խոսքով՝ Եվրահանձնաժողովը աչք է փակել Մոլդովայի «ռազմաքաղաքական չեզոքության» և նույնիսկ ԱՊՀ-ում Մոլդովայի անդամակցության վրա՝ ի դեմս այն դժվարությունների, որոնց երկիրը բախվել է հարյուր հազարավոր ուկրաինացի փախստականների հոսքի պատճառով։