Ախալքալաքի որոշ բնակիչներ, ովքեր «որոշում են» պատվաստվել և գրանցվում են, ստիպված են լինում պատվաստվելու համար սպասել և հավելյալ անհանգստանալ: Ոմանք չեն դիմանում հուզմունքին և հեռանում են առանց պատվաստվելու: Կլինիկայից բացատրում են, որ համակարգի կողմից մեկ պացիենտի համար հատկացված 6 րոպեն ֆիզիկապես բավարար չէ պատվաստման համար:

60 տարեկանից բարձր տղամարդը մի քանի օր առաջ գնացել է Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոց՝ կորոնավիրուսի դեմ պատվաստվելու նպատակով: Ինչպես ինքն է ասում՝ գրանցվել է ժամը 11:54-ին, սակայն նշանակված ժամին նրան չեն ընդունել: Նա սպասել է, և անհանգստացել՝ մտածելով, թե արդյո՞ք պետք է պատվաստել, թեև գրանցվել էր՝ որոշ չափով վարակից պաշտպանվելու համար:

«Գիտեմ, որ եթե պատվաստվեմ, ապա նույնիսկ եթե հիվանդանամ, թեթև կտանեմ, ուստի գրանցվել էի: Ես պարզապես այլևս չսպասեցի, անհասկանալի է, թե ո՞վ է մտնում, ո՞վ է պատվաստվում: Ասացի, որ ես գրանցված եմ, ինձ պատասխանեցին, որ կենդանի հերթ պահեմ: Ինչի՞ համար է այդ դեպքում ընդհանրապես գրանցումը: Ես չգիտեմ, արդյոք նորից կգրանցվեմ, թե՝ ո՞չ։ Պարզապես չդիմացա», – ասում է 60-ն անց տղամարդը:

Նրա խոսքով՝ սպասել է մոտ 40-ից 50 րոպե:

Ախալքալաքի մեկ այլ բնակիչ, ով, այնուամենայնիվ, մինչև վերջ սպասել է, պատվաստվել է երկու-երեք ժամ անց, այն դեպքում, երբ գնացել է նշանակված ժամից մի քանի րոպե առաջ: Նրա ամրագրումը ժամը 11:00-ին էր, իսկ պատվաստումը կատարվել է 13:00-ից հետո:

Քաղաքի մեկ այլ բնակիչ նույնպես դժգոհ է ուշացումից:

«Ես հատուկ այնպիսի ժամանակ էի գրանցվել, որպեսզի աշխատանքիս հարմար լինի: Ես նույնիսկ թեթև նախաճաշեցի՝ առանց վերջին կտորը կուլ տալու, դուրս եկա տնից, որպեսզի չուշանամ և ճիշտ ժամին հասնեմ, որը ես հաղորդագրության տեսքով ստացել էի Հիվանդությունների վերահսկման կենտրոնի կողմից։ Շտապելով եկա հիվանդանոց, իսկ այնտեղ ես պետք է սպասեի ուղիղ մեկ ժամ: Կարծում եմ, որ այդպես չպետք է լինի, եթե կա գրանցման համակարգ և մենք օգտագործում ենք այն, ապա ժամանակացույցը պետք է պահպանվի», – ասում է քաղաքի բնակիչներից մեկը:

Մեր զրուցակիցները չցանկացան նշել իրենց անունները՝ ասելով, որ փոքր քաղաքում բոլորը ճանաչում են միմյանց և չեն ցանկանում փչացնել իրենց հարաբերությունները բժիշկների հետ, որոնց նրանք հարգում են:

Պատվաստման գրանցման առցանց հարթակում հնարավոր է պատվաստման ժամն ամրագրել 6 րոպե ընդմիջումով: Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի մենեջերի խոսքով՝ կլինիկաներից ոչ մեկը չի կարող պահպանել և հետևել այդ ժամանակացույցին, քանի որ ֆիզիկապես վեց րոպեն բավարար չէ մեկ բուժառուի համար:

«Պատկերացնու՞մ եք, յուրաքանչյուր մարդ նախ հարցաթերթիկ է լրացնում, հետո չափվում է արյան ճնշումը, ապա դրանից հետո միայն պատվաստվում: Պատվաստումից հետո հնարավոր է նորից չափեն ճնշումը: Վեց րոպեում անհնար է մեկ պացիենտի բաց թողնել: Հետևաբար, դա անհնար է, որ պացիենտին ընդունեն գրանցված ճշգրիտ ժամանակին: Կարծում եմ, որ դա անհնար է բոլոր տեղերում: Ճիշտ է, գործընթացը հետաձգվում է, բայց մենք ընդունում ենք բոլորին, ովքեր գրանցվում են», – ասում է Ալեքսան Թորոյանը:

Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցում գործում է մեկ պատվաստասենյակ: