Այսօր՝ օգոստոսի 9-ին, Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը ճանաչողական այցով ժամանեց Ախալքալաք: Jnews-ը ԱՄՆ դեսպանի հետ զրուցել է Վրաստանի կառավարության քաղաքական ուղղության և պատվաստման գործընթացի մասին:

Միացյալ Նահանգները, Վրաստանի բնակչության կարծիքով, ռազմավարական դաշնակից է, որը ակտիվորեն աջակցում է երկրին: Նախորդ տարի Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո սկսվեց քաղաքական ճգնաժամ, ընդդիմությունը դեռ չի ընդունում ընտրությունների արդյունքները, հրաժարվել էր մուտք գործել խորհրդարան, սակայն, ԵՄ-ի և ԱՄՆ-ի աջակցությամբ, գործընթացն առաջընթաց գրանցեց: Վերջերս, մի ​​շարք իրադարձություններից ու հայտարարություններից հետո, քաղաքական ճգնաժամը կրկին սրվել է: Երկրում տիրող իրավիճակի մասին հարցին ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը մեկնաբանեց իշխանությունների քաղաքական ուղղությունը:

«Կարևոր է հիշել, որ Վրաստանը գտնվում է նախընտրական շրջանի միջնաշրջանում, քարոզարշավի ընթացքում մարդիկ սադրիչ, ծայրահեղ բաներ են ասում: Կարևոր է, որ վրաց առաջնորդները միասին նստեն բանակցությունների սեղանի շուրջ և մշակեն ճանապարհային քարտեզ, իրագործեն համաձայնագիրը, որը նախատեսում է բոլոր բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են Վրաստանին ժողովրդավարությունն ու տնտեսությունը ամրապնդելու համար: Սրանք բոլորը կարևոր քայլեր են Վրաստանի ապագայի համար: Բոլոր մեխանիզմները, բոլոր բարեփոխումները այնտեղ հստակ են, այնտեղ կան այլ բարեփոխումներ էլ, բայց ամենակարեւորը վրացական ժողովրդավարության ամրապնդման գործընթացը սկսելն է: Միակ բանը, ինչն այժմ պակասում է, քաղաքական կամքն է: Եթե ​​վրաց առաջնորդներն իսկապես ցանկանում են կանխել երկրում բևեռացումը, ապա նրանք ունեն ճանապարհային քարտեզ, թե ինչպես պիտի դա անեն», – ասում է նա:

Դեսպանը նաեւ մեկնաբանեց Pfizer պատվաստանյութի և պատվաստման հետ կապված իրավիճակը, որը Միացյալ Նահանգները մեծ քանակությամբ նվիրել է Վրաստանին:

«Հիմա ամենակարևորը համոզվելն է, որ տրամադրվող պատվաստանյութերն ամբողջովին օգտագործվում են: Մենք շատ ուրախ էինք, որ հնարավորություն ունեցանք Վրաստանին նվիրել Pfizer պատվաստանյութի 500 հազար դեղաչափ, ինչը բավականին շատ է, և դրանք ոչ բոլորն են դեռ օգտագործվել: Մարդիկ գրանցվում են, պատվաստվում են, սա շատ կարեւոր է: Հիվանդացության մակարդակը նվազեցնելու միակ միջոցը պատվաստվելն է, դիմակներ կրելը և տարրական կանոններին հետևելը: Բայց կենսականորեն կարևոր է պատվաստվելը: Ես շատ ուրախ էի, երբ այցելելով Ախալցիխեի հիվանդանոց՝ տեսա պատվաստման նպատակով եկած բազմաթիվ վրացիների, պատվաստման գործընթացը լավ էր կազմակերպված: Սա ցույց է տալիս, որ մարդիկ զգում են վստահություն և վստահում են պատվաստանյութերին: Պատվաստանյութերն անվտանգ են և արդյունավետ ու հանդիսանում են Ձեր և Ձեր սիրելիներին պաշտպանելու միակ միջոցը: Որքան շուտ պատվաստվենք, այնքան արագ կվերականգնվի տնտեսությունը», – ասում է ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը: