Վրաստանի կառավարության որոշմամբ՝ այսօրվանից բոլոր ռեստորաններին, սրճարաններին ու բարերին թույլատրվում է աշխատել: Այնուամենայնիվ, Ախալքալաքի ռեստորանները դեռ պատրաստվում են բացմանը, այցելուներին դեռևս չեն ընդունում:
Փակ տիպի ռեստորաններին, սրճարաններին և բարերին, որոնց գրեթե երեք ամիս արգելված էր աշխատել կորոնավիրուսի համավարակի պատճառով, արդեն այսօրվանից թույլատրվում է աշխատել: Այսօր առավոտյան Jnews-ն այցելել է Ախալքալաքի թվով 6 ռեստորան և սրճարան, բայց դրանցից ոչ մեկը դեռ չի վերսկսել իր աշխատանքը:
Որոշ ռեստորանների սեփականատերեր վերանորոգում են իրենց օբյեկտները, իսկ ոմանք էլ մաքրություն են անում, որպեսզի շուտով վերսկսեն աշխատանքը, իսկ ոմանք էլ պատրաստվում են բացմանը՝ պատվիրելով համապատասխան ախտահանիչ միջոցներ և ջերմաչափման սարքավորումներ:
Ռեստորանները պետք է ապահովեն, որ սոցիալական հեռավորությունը սրահներում պահպանվի, սեղանի շուրջ նստեն առավելագույնը վեց հոգի, իսկ անձնակազմը խստորեն հետևի սանիտարահիգիենիկ կանոններին: Բարերի և ռեստորանների ուղեցույցներն արդեն երկար ժամանակ է մշակված են:
Հանրային սննդի վերաբերյալ ընդհանուր հրահանգները
Ախալքալաքի որոշ ռեստորաններ, որոնք սպասում են կորոնավիրուսից պաշտպանվելու արդեն պատվիրված միջոցներին, նախատեսում են մինչև հունիսի 15-ը բացել իրենց օբյեկտները, իսկ վերանորոգման ընթացքում գտնվողները դեռևս հստակ ժամկետներ չեն նշում: