Օգոստոսի 6-ին, Ախալքալաքի սպորտ դպրոցում տեղի ունեցավ կարատեի սաների պարգևատրումը։ Մարզիկները քննություն էին հանձնել, և, ըստ այդմ ստացան իրենց դիպլոմներն ու անձնագրերը։
Միջոցառմանը ներկա էին կարատեի մարզիչ Ռաֆայել Դարբինյանը, Ախալքալաքի մունիցիպալիտետի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի ծառայության պետ Վալերի Ստելմաշովը և մարզիկների ծնողները։
Մինչ մրցանակներ հանձնելը, մարզիկները ելույթ ունեցան տարբեր համարներով։
Ռաֆայել Դարբինյանը ուրախությամբ է նշում իր մարզիկների հաջողությունների մասին։
«Երբ երեխաները պարապում են կարատե մարզաձևով, նրանք աստիճանաբար այսպես ասած ամրանում են, բարձրացնում են իրենց մակարդակը։ Ինչքան իրենք բարձրանում են անպայման է, որ քննություն հանձնեն, որպեսզի ստանան իրենց գոտի, առաջին, երկրորդ, մինչև սև գոտի։ Սկզբից սպիտակ գոտի, հետո դեղին և այդպես շարունակ։ Մենք քննություն անցկացրեցինք, որին Ախալքալաքից մասնակցեց 16 մարզիկ, սպիտակից մինչև շագանակագույն գոտի 1 «Քյու»։ Երեք մարզիկ Թբիլիսիում կարատեի նախագահի Կախա Բասիլիայի մոտ հանձնեցին սև գոտու քննություն, առաջի «դան»-երը ունեցան Դավիթ Սեսաձեն և Ավագյան Արտյոմը, իսկ երկրորդ «դան» ստացավ Աքսաննա Ավետյանը, նա արդեն առաջի «դան» ուներ։ Աքսաննայի 7 տարեկանից մարզվում է», – ասում է մրազիչ Ռաֆայել Դարբինյանը։
Բացի դրանից քննություն է անցկացվել Մաջադիա և Զակ գյուղերի սաների համար, սակայն նրանց պարգևատրումը աշնանը կլինի՝ պայմանավորված դաշտային աշխատանքներով: Աշնանը առանձին միջոցառում կկազմակերպվի, որի ընթացքում էլ նրանց կհանձնեն դիպլոմներ և անձնագրեր։
«Կարատեն կարծես եռացած ջուր լինի, կրակը միշտ վառած պետք է պահես, որպեսզի չսառչի, դրա համար միշտ պետք է մարզվել, որպեսզի պահես մակարդակը։ Մեր մարզաձևում մարզիկը պետք է պայքարի իր հետ, որպեսզի հաղթահարի դժվարությունները, կատարելագործվելու համար», – ավելացնում է Ռաֆայել Դարբինյանը:
Վերջինս ուրախությամբ է նշում, որ կարատե մարզաձևը արդեն մտել է օլիմպիական սպորտաձևի մեջ, և այս տարի օլիմպիական խաղերին Վրաստանը ունի իր միակ ներկայացուցիչը։ Սակայն օլիմպիական խաղերի արտոնագիր շատերին չէ, որ հաջողվում է ստանալ։