Մայթը դա երթևեկելի հատվածին հարող կամ դրանից կոնստրուկցիաների կամ սիզամարգի միջոցով առանձնացված և հետիոտների տեղաշարժի համար նախատեսված ճանապարհի տարր է: Այսպես է սահմանված «Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքում, բայց իրականում Ախալքալաքում մայթերը հաճախ ծառայում են որպես տարբեր մեքենաների կայանատեղիներ: Հետիոտնի իրավունքները ոտնահարվում են նաև հետիոտնային անցումներ չլինելու պատճառով, քանի որ դրանք գծանշված չեն:
Ախալքալաքի Թավիսուփլեբա (Ազատության) գլխավոր փողոցը վերածվում է Դավիթ Շինարարի (Աղմաշենեբելի) փողոցին: Այս փողոցներում հաճախ կարելի է հանդիպել մեքենաների, որոնք քամու արագությամբ սլանում են: Անցյալ տարի այստեղ ասֆալտպատել էին, այս հատվածը ուղղակի վտանգավոր է հետիոտնի համար, վտանգը մեծանում է, քանի որ շատ հաճախ հետիոտնը ստիպված է դուրս գալ ճանապարհ: Սա հետիոտնի քմահաճույքը չէ, այլ անհրաժեշտություն, քանի որ մեքենաները կայանում են մայթերին: Ամռանը մայթը «զբաղեցնում են» ձմերուկ ու սեխ վաճառողները՝ մեքենայի դռները լայն բացած: Այս հատվածով անցելու համար հարկավոր է քայլել երթևեկելի մասով՝ դիմելով ռիսկի:
Արդյունքում ստացվում է, որ Ախալքալաքում հետիոտնը խախտում է օրենքը, քանի որ նա առանց իր ցանկության մտնում է երթևեկելի ուղի:
Բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, հետիոտները տեղափոխման ժամանակ չպետք է անցնեն երթևեկելի հատվածով: Երթեւեկելի հատվածով շարժվելիս նրանք պետք է առավելագույն զգուշություն ցուցաբերեն, չպետք է անհիմն խոչընդոտեն և դժվարացնեն տրանսպորտային միջոցների տեղաշարժը: 2. Եթե երթևեկելի հատվածի, մայթեզրի կամ մայթի մոտ կա հետիոտնի համար նախատեսված անցում, ապա հետիոտնը պետք է օգտվի դրանից՝ պահպանելով անհրաժեշտ նախազգուշական միջոցները…», – ասվում է «Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքում:
Թեև, այս տեսակի կայանման համար, որով ըստ Վրաստանի օրենսդրության, ընդամենը 10 լարի տուգանք է սահմանվում, ըստ երեւույթին, ոչ ոքի չի անհանգստանում, այդ թվում՝ պարեկային ոստիկանությանը, որն այս հատվածով անցնում է օրական 100 անգամից ավելի: Մեքենաներն ինչպես կանգնած էին խանութների, վուլկանիզացման կետերի, բենզալցակայանների մոտ և այլ վայրերում, այնպես էլ կանգնած են:
«Վրաստանի օրենսդրությանը համապատասխան, կայանատեղիին հարակից մայթին կայանելն արգելվում է: Այս արգելքը տարածվում է կայանատեղուն հարող մայթի հատվածի վրա, ինչպես նաև ամբողջ մայթեզրին, եթե ճանապարհային նշանի միջոցով, ինչպես նաև համապատասխան ճանապարհային գծանշումներով այլ բան նախատեսված չէ»:
Առանձին պատմություն է ճանապարհի այս հատվածում հետիոտնային անցումների բացակայությունը: Ճանապարհի վերանորոգումից հետո ընդամենը 2-3, այսպես կոչված «պառկած ոստիկաններ» էին հայտնվել, որոնք արդեն կիսով չափ կոտրված են: Երկու վայրում կան հետիոտնային անցումներ, որոնք գործնականում գունաթափվել են, իսկ գծանշումները կատարվել են թիվ 4 հանրային դպրոցի երեխաների ծնողների բողոքներից հետո:
Արդյունքում, մի կողմից հետիոտները ցանկացած տեղով անցնում են ճանապարհը՝ խանգարելով մեքենաների տեղաշարժին և երբեմն ստեղծելով վթարային իրավիճակ: Մյուս կողմից էլ, հետիոտնային անցումների բացակայությունը անհարմարություն է պատճառում հետիոտնին, ովքեր իրենց անվտանգության համար չեն ցանկանում խախտել ճանապարհն անցնելու կանոնները:
Այսպիսի իրավիճակ է Ախալքալաքի գրեթե բոլոր փողոցներում:
Քրիստինե Մարաբյան