Վրաստանում վաճառվող երշիկի տարբեր տեսակների ստուգման ժամանակ գրանցվել են հայտարարված բաղադրության հետ անհամապատասխանության փաստեր: Այս մասին հայտնում է Վրաստանի Գյուղատնտեսության նախարարության Սննդի ազգային գործակալությունը:
Ընթացիկ տարվա հուլիսին տեսուչները ստուգման նպատակով պետական լաբորատորիա են ուղարկել մսամթերքի 26 նմուշ: Փորձագետներին հետաքրքրում էր դրանցում ձիու, էշի և թռչնամսի առկայությունը:
Բաղադրության հետ անհամապատասխանությունները հայտնաբերվել են տասը նմուշներում: Դրանք տարբեր արտադրողների կողմից արդատրված նրբերշիկ, երշիկեղեն և խոզապուխտ է եղել, այդ թվում են շուկայի առաջատարները` «Իվերիա» և «Վակե» ընկերությունները:
Պարզվել է, որ այս բոլոր մթերքները հավի միս են պարունակում, չնայած արտադրողները համապատասխան նշումներ չեն կատարել պիտակների վրա:
Սննդի ազգային գործակալությունը նշում է, որ կշարունակի նմուշառել և ուսումնասիրել Վրաստանում վաճառվող տարբեր մթերքները` սպառողների շահերը պաշտպանելու նպատակով: