Գարնանային դաշտային աշխատանքներն անցել են ակտիվ փուլ, սակայն որակն ու արդյունավետությունը նկատելիորեն նվազել են, և դրա պատճառներից մեկն աշխատուժի պակասն է։ Գյուղատնտեսության ոլորտի փորձագետ Պաատա Արոշիձեի կարծիքով, աշխատուժի պաշարների բացակայությունը բացասաբար է ազդում ինչպես աշխատանքի ծավալի, այնպես էլ որակի վրա։
«Համավարակի սկզբում գյուղաբնակները՝ վախենալով վարակից, վերադարձել էին քաղաքներից գյուղ, և սպասվում էր, որ նրանք կմնան գյուղական վայրերում աշխատելու համար, բայց դա տեղի չունեցավ: Հենց համավարակի տեմպերը մեղմվեցին՝ անմիջապես վերադարձան քաղաքներ։ Արդյունքում գյուղերում աշխատուժը չի բավականացնում»,- հայտարարում է նա։
Ըստ նրա, չնայած այն հանգամանքին, որ պետությունը օգնում է գյուղատնտեսության զարգացմանը տարբեր մակարդակներում, այդ պակասորդն ոչ միայն չի նվազել, այլև աճում է:
«Երիտասարդների հիմնական մասը գյուղերից մեկնում է քաղաք, և իրենց գյուղեր են գնում միայն հյուրի կարգավիճակով, նրանք չեն ուզում աշխատել հողի հետ: Ընդ որում, դեֆիցիտը ոչ միայն գյուղացիներին ու ֆերմերներին է վերաբերում, այլ խոշոր ընկերություններին», – ասել է Պաատա Արոշիձեն:
Ստեղծում է լուրջ խնդիր նաև միգրացիան՝ շատ աշխատունակ քաղաքացիներ, ովքեր աշխատում էին հողի հետ, գնում են արտասահման, օրինակ սեզոնային աշխատանքների, որտեղ նրանք անում են էապես նույն բանը, ինչը նրանց առաջարկում են Վրաստանում, սակայն արտերկրում վարձատրվում են շատ ավելի բարձր:
«Ընդհանուր առմամբ, աշխատուժի դեֆիցիտը վերաբերում է ողջ Վրաստանի տնտեսությանը և դրա բոլոր ոլորտներին, սակայն գյուղատնտեսությունում դա առավել արդիական է՝ մենք ստիպված ենք ապրել մի աշխարհում, որտեղ սննդամթերքն մշտապես թանկանում է, համաշխարհային շուկան անկայուն է, և այժմ մենք պետք է կենտրոնանանք տեղական արտադրության վրա: Այսօր, դա լուրջ խնդիր է, քանի որ մեզ մոտ բերքատվությունը շատ ցածր է, երիտասարդները կարելի է ասել գյուղերում գրեթե չկան, իսկ բնակչության մեծամասնությունը գյուղական վայրերում 55 տարեկանից բարձր են», – ասել է փորձագետը:
Ըստ նրա, վերջնական հաշվով, ամեն ինչ հենվում է գյուղատնտեսության ոլորտի վճարունակության վրա, ինչը ներկայումս շատ ցածր է:
«Ե՞րբ և ինչպե՞ս Վրաստանի ֆերմերը կկարողանա վճարել աշխատողներին առնվազն գոնե նույն աշխատավարձը, որը վճարում են արտերկրում: Եթե դա հնարավոր լինի, ապա Վրաստանի քաղաքացիները չեն գնա արտասահման՝ սեզոնային աշխատանքների, ստրկական պայմաններով, սակայն այժմ այդ ռեսուրսը երկիրը չունի», – կարծում է Պաատա Արոշիձեն:
Միջինը, Վրաստանում ֆերմերները օրական սեզոնային աշխատողներին վճարում են 50-70 լարի:
Աղբյուրը՝ bizzone.info