Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը վերջերս ընդունեց կանոն առ այն, որ այն ուսուցիչները (վրացալեզու դպրոցների), ովքեր հանձնել են քնությունները, բայց չունեն ավագ ուսուցչի կարգավիճակ, ապա 2022 թվականից նրանք կդառնան ավագ ուսուցիչներ, սակայն այս կանոնը չի վերաբերում ոչ վրացալեզու դպրոցների ուսուցիչներին։ Այդ իսկ պատճառով թե Ախալքալաքի, թե գյուղերի դպրոցների ուսուցիչները այս որոշումը խտրական են համարում և բողոքում են դրա դեմ։
Ախալքալաքի դպրոցներից մեկի ուսուցիչը, ով մասնագիտական քննությունից ստացել է 10 միավոր, իսկ ընդհանուր ունակություններից՝ 7, խիստ քննադատում է նախարարության այս որոշումը։ Նա գրեթե 20 տարի է դպրոցում է աշխատում:
«17 բալ ունեմ, ընդհանուր ունակություներ առարկայից անգամ վրացալեզու ուսուցիչները չեն կարող ստանալ այդքան բարձր, իսկ մենք ստանում ենք։ Դրան ավելանում է նաև դպրոցի միավորները, ես ինկլյուզիվ երեխայի հետ եմ աշխատել և 2,5 միավոր եմ ունեցել։ Ցավալին այն է, որ այդ միավորները համակարգ մտցնելու ժամանակ, տեխնիկական խնդիրների պատճառով 1 միավոր է դարձել, այդ պատճառով ես ունեմ 18 միավոր, իսկ ավագ ուսուցչի կարգավիճակի համար անհրաժեշտ էր 19», – ասում է ուսուցչուհին։
Այս ամենից ելնելով նա նամակ է գրել Կրթության նախարարին, և ստացել պատասխան՝ կամ յուրաքանչյուր առարկայից պետք է ունենա 10-ական միավոր, կամ B1 մակարդակի վրացերենը հաստատող փաստաթուղթ, և անցնեն երկարաժամկետ ուսուցում։
«Մենք ուզում ենք մեր ձայնը բարձրացնել, որպեսզի հավասարություն լինի մեր և վրացալեզու ուսուցինչների միջև: Քանի որ վրացալեզու պրակտիկոս ուսուցիչները 2022 թվականից, միանգամից կստանան ավագ ուսուցչի կարգավիճակ։ Այդ ամենը ցույց է տալիս միայն խտրականություն մեր և նրանց միջև։ Եվ, եթե Վրաստանում կա մեկ օրենք, մեկ նախարարություն և մեկ նախարար, ինչո՞ւ պետք է այդ օրենքը տարածվի վրացալեզու դպրոցների վրա, իսկ հայալեզուների վրա՝ ո՞չ», – հավելում է մեր զրուցակիցը։
Ուսուցչուհին ասում է, որ ինքը տիրապետում է վրաց լեզվին, այնքան, որքան պահանջվում է, քանզի նա 7 միավոր է ստացել ընդհանուր ունակությունների քննությունից, որը վրացերեն լեզվով է։
«Հիմա, որ ասում են երկարաժամկետ ուսուցման դասընթացներ պետք է անցնեք, դա նույն ընդհանուր ունակություններն են, ես ինչու պետք է անցնեմ նույն ուղին երկու անգամ», – ավելացնում է նա։
Նրա գործընկերները նույնպես բավականին բարձր միավորներ են հավաքել և կանգնած են նույն հարցի առաջ։
Մեր հաջորդ զրուցակիցը ստիպված է եղել մասնագիտական քննությունը հանձնել սպորտ առարկայից, քանի որ հայոց լեզվի ուսուցիչների համար քննություն չկա նախատեսված։
«Ոչ վրացալեզու դպրոցների ուսուցիչները, եթե քննություններից քիչ միավորներ էլ հավաքեն, ապա այլ ակտիվություններով լրացնում են այդ միավորները, իսկ մեզ այդ հնարավորությունը տրված չէ, մեր համար չկա ոչ մի ակտիվություն», – ասում է նա։
Չնայած այս ամենին, ուսուցիչները պատրաստ են անցնել B1 մակարդակի դասընթացները և երկարատև թրեյնինգների կուրս, սակայն նկատում են, որ անհավասարությունը ակնառու է ոչ վրացալեզու և վրացալեզու ուսուցիչների միջև։
«Մենք խնդրում ենք, որ մեզ էլ հունվարից ավագ ուսուցչի կոչում շնորհեն, ինչպես մյուս ուսուցիչներին, ովքեր բավարար միավորներ չեն ստացել թե՛ առարկայական, թե ընդհանուր ունակությունների քննություններից։ Ինչու մենք պետք է աշխատավարձ կորցնենք»։
Հայալեզու դպրոցների ուսուցիչները պատրաստ են նաև հանձնել այն քննությունները, որոնք ըստ վերջին տվյալների Հայաստանը և Վրաստանը պետք է միասին կազմեն։
«Առարկայական քննությունը հայերեն է, իսկ երկրորդը՝ վրացերեն, սակայն քննության ժամանակ մեզ թույլ տվեցին, որպեսզի բաց հարցերի պատասխաները հայերեն շարադրենք, ես ինքս երկու քննությունն էլ անցել եմ, մեր դպրոցում 5 ուսուցիչ կա, որ այս վիճակում է։ Սկզբում պետք է հավաքեինք՝ 1, 4, 7, 10 բալ և ընդհանուր պետք է ունենաինք 19 միավոր, սակայն եթե ուսուցիչը քննությունը հանձնել էր, մասնագիտականից էլ ընդհանուր ունակություններից էլ հավաքել էր 1-ական միավոր, հետո ինքը կարող էր մնացած միավորները լրացնել տարբեր ակտիվություններով, հիմա այդ ակտիվությունները ամբողջությամբ փակել են, ոչինչ չկա, հիմա ինձ 8 միավոր պակասում է», – ասում է ուսուցչուհին։
Մեր զրոցակիցներից մեկը հայոց լեզվի և գրականության մասնագետ է, ստիպված է եղել քննությունն այլ առարկայից հանձնի, որպեսզի կարողանա կարգավիճակը բարձրացնի:
«Ես հայոց լեզվի մասնագետ եմ, չկար քննություն, ստիպված բնությունից եմ հանձնել, հիմա էլ գնացել ստիպված սպորտից եմ հանձնել։ Հա ես էլի կսովորեմ, պետական լեզուն է, բան չունեմ ասելու, բայց ես այն տարիքում չեմ, որ կարողանամ շուտ սովորել և քննություն հանձնել։ Նրանք այքան բան են տալիս անցնելու, գոնե լինի կամ լեզվի իմացության սերտիֆիկատը, կամ երկարաժամկետ ուսուցումը, կամ էլ քննությունը»։
Նման կարգավիճակում գտնվող ուսուցիչների քանակն Ախալքալաքի շրջանի դպրոցներում շատ են, խնդիրը առկա է, և մանկավարժները ելք են փնտրում։ Նրանց խնդրանք-պահանջն է նախարարությունից հավասարություն պահպանել վրացալեզու և ոչ վրացալեզու դպրոցների ուսուցիչների միջև։
Ինչպիսի պայմաններ է պահանջում նախարարությունը ոչ վրացալեզու դպրոցին ուսուցիչներից, ավագ ուսուցչի կարգավիճակ շնորհելու համար․
Պետք է հանձնեն առարկայական և ընդհանուր ունակությունների քննությունները, յուրաքանչյուրում ունենան 10-ական միավոր, և/կամ ունենան վրացերենի B1 մակարդակի իմացությունը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև Վրաստանում ստացած կրթությունը հաստատող փաստաթուղթ։
Այնուհետև նրանք պետք է անցնեն նախարարության կողմից մշակված երկարաժամկետ դասընթացների կուրս: Այն հաջողությամբ ավարտելուց հետո կբարձրացնեն իրենց կարգավիճակը։ Այս դասընթացները 48-ժամյա է, որն առցանց չի ուսուցանվում։
Այն դեպքում, եթե ուսուցիչը հանձնել է երկու քննությունը, սակայն չի ներկացրել լեզվի իմացության B1 մակարդակը, ապա չի կարող բարձրացնել կարգավիճակը։
Հատկանշական է, որ ոչ վրացալեզու դպրոցների ուսուցիչները, ովքեր դեռ չունեն կարգավիճակ, կամ առարկայան քննությունը չեն անցել մինչև 2023 թվականը կարող են աշխատել դպրոցներում։
Գայանե Ակոջյան